Գյումրու ամենահին եկեղեցին. ինչպես և ինչու Սուրբ Աստվածածինը դարձավ Սուրբ Նշան

Գյումրու Սուրբ Նշան եկեղեցին
Մշակութային Գյումրին նաև եկեղեցիների քաղաք է: Գյումրեցիների՝ եկեղեցու հանդեպ լավ վերաբերմունքը անգամ խորհրդային անհավատության տարիներին է նկատվել: Sputnik Արմենիան Մշակութային հայրաքաղաք նախագծի շրջանակներում ներկայացնում է Սուրբ Նշան եկեղեցու պատմությունը:
Sputnik
Գյումրեցիների սիրած Սև ժամը`Սուրբ Նշան եկեղեցին, իր 160–ամյա գոյության ընթացքում հետաքրքիր ու դժվար ճանապարհ է անցել` Սուրբ Աստվածածնից դարձել Սուրբ Նշան։
Ռուսթավելի և Աբովյան փողոցների խաչմերուկում վեր խոյացած սրբատաշ քարով Սուրբ Նշանը կառուցվել է 1859-1864 թվականներին, ինչի մասին վկայությունները պահպանված են եկեղեցում հյուսիսային և հարավային մուտքերի վերին մասում փորագրված գրություններում: Այն կառուցվել է հիմնականում իշխան Ղահրաման Երկայնաբազուկ Արղությանցի կտակած գումարով, բայց ժողովուրդը ևս գումար հանգանակել է այդ նպատակի համար։
Գյումրու Սուրբ Նշան եկեղեցին
«Գյումրիում պահպանված եկեղեցիների մեջ ամենահինը Սուրբ Նշանն է, դրանից հին միայն Շիրակացու եկեղեցու հիմքերն են»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Պանֆյորովը։
Ասում է` այսօր քչերն են քաղաքում տեղյակ, որ մինչև Սուրբ Նշան անվանվելը, հենց այս եկեղեցին է կոչվել Սուրբ Աստվածածին, որովհետև Աստվածամոր Յոթ վերքերով նկարը գտնվել է այստեղ։
Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Պանֆյորովը
«Ըստ մեզ հասած տվյալների, երբ Արարատյան դաշտավայրում ժանտախտ է տարածվում, Աստվածամոր պատկերը եկեղեցուց տանում են Արարատյան դաշտավայր, և հիվանդությունն այնտեղ նահանջում է։ Դրանից հետո պատկերը հետ են բերում, բայց ոչ թե եկեղեցում են տեղադրում, այլ փայտե մատուռում։ Այստեղ էլ կանգնեցվում է նոր եկեղեցին, որը սրբապատկերի շնորհիվ օծվում է Սուրբ Աստվածածին անունով։ Այն հետագայում ժողովրդի կողմից ստանում է Յոթ Վերք անունը»,-պատմում է քահանան։
1870 թվականին Սուրբ Աստվածածին անունը կրող առաջին եկեղեցին վերանվանվում է Սուրբ Նշան, որը նշանակում է Տիրոջ խաչ:
Սուրբ Աստվածածնի նկարը
Հետաքրքիր մի պատմություն կա եկեղեցու` խորհրդային տարիների հետ կապված։ Կայծակի հետևանքով եկեղեցու գմբեթը փլվել է, իսկ եկեղեցին վերածվել աստղադիտարանի: Այդ տարիներին եկեղեցին ծառայել է նաև որպես թատրոն՝ այստեղ է գործել պատանի հանդիսատեսի թատրոնը:
1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով այս եկեղեցին ևս վնասվում է: Այն վերանորոգվում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու նրա ընտանիքի հանգանակություններով` Ամենայն հայոց կաթողիկոսի և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ և վերաբացվում 2003 թվականին:
Գյումրու Սուրբ Նշան եկեղեցին
Եկեղեցին գմբեթավոր բազիլիկ է՝ ունի երեք մուտք։ Այն տարբերվում է Գյումրու մյուս եկեղեցիներից իր խորանով՝ ամենահասարակն ու համեստն է ՝ առանց սրբապատկերների:
Գյումրու Սուրբ Նշան եկեղեցին