Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ են

Ընտրություններ Ղազախստանում. Արխիվային լուսանկար
Երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու առաջարկությամբ հանդես էր եկել գործող նախագահ Տոկաևը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ են։ Նախագահի թեկնածուները վեցն են: Գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևից բացի, նախագահի պաշտոնի համար պայքարում են Նուրլան Աուեսբաևը (ընդդիմադիր Ազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցություն), Մեյրամ Կաժիկենը «Ամանաթ» արհմիությունների միությունից, Ժիգուլի Դաիրաբաևը «Աույլ» կուսակցությունից, Կարակաթ Աբդեն սոցիալական աշխատողների դաշինքից, Սալթանատ Տուրսինբեկովան «Ղազախ մայրեր, ավանդույթների ճանապարհ» ասոցիացիայից:
Քվեաթերթիկում կա «դեմ եմ բոլորին» վանդակ։
Փոփոխված Սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահն ընտրվում է ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ 7 տարի ժամկետով։
Ինչպես հայտնել է Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Ասիլբեկ Սմագուլովը, ժամը 12:00-ի դրությամբ ընտրության մասնակցել են ընտրելու իրավունք ունեցողների 38,55 տոկոս: Նշենք, որ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն գրեթե 12 միլիոն ղազախստանցիներ։
Ընդհանուր առմամբ երկրում կա 10 101 ընտրատեղամաս։
Երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու առաջարկությամբ հանդես էր եկել գործող նախագահ Տոկաևը սեպտեմբերի 1-ին` իր այդ քայլը պատճառաբանելով երկրի քաղաքական համակարգի հետագա ժողովրդավարացման անհրաժեշտությամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը մեկնել էին Ղազախստանի մայրաքաղաք Աստանա ՝ միջազգային դիտորդի առաքելության շրջանակներում: