Էրդողանը G20–ի գագաթնաժողովից վերադառնալուն պես հրամայել է սկսել «Ճանկ-թուր» օպերացիան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը . Արխիվային լուսանկար
Թուրքիայի պաշտպանության նախարարը պետության ղեկավարին զեկուցել է տարածաշրջանում առկա իրավիճակի մասին, որից հետո Էրդողանը որոշում է կայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ինդոնեզիայում անցկացվող G20 գագաթնաժողովից վերադառնալուց հետո հրամայել է Սիրիայի հյուսիսում և Իրաքում իրականացնել «Ճանկ–թուր» (Pençe-Kılıç) օպերացիան երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ակտիվիստների դեմ։
Համապատասխան կադրերը տարածել է Թուրքիայի նախագահի վարչակազմը։
Կադրերում երևում է, թե ինչպես է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պետության ղեկավարին տվյալներ զեկուցում տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ։
Ստացած տեղեկություններից հետո Թուրքիայի նախագահը հրամայում է սկսել օպերացիան։
Ավելի վաղ Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում և Իրաքում հարվածների հետևանքով քարանձավներ, թունելներ և քրդական զինված խմբավորումների պահեստներ են ոչնչացվել։
Նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում գտնվող Իսթիքլալ հետիոտնային փողոցում պայթյուն էր տեղի ունեցել ։ Զոհվել էր 6 մարդ, տուժել ՝ 81։ Երկրի ղեկավարությունը կատարվածը որակել է որպես ահաբեկչություն։
Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլի կենտրոնում հնչած պայթյունը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և «Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատի» ձեռքի գործն է: Այս երկու ուժերը Թուրքիայում ճանաչվել են ահաբեկչական։