1-ին անգամ ձմռանը, արաբական երկրում և առանց «Ոսկե գնդակի» դափնեկրի. սկսվեց Մունդիալ 2022-ը

Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկեց Մունդիալ-2022-ը
Ինչո՞վ է Մունդիալ 2022-ը տարբերվելու նախորդ աշխարհի առաջնություններից։ Sputnik Արմենիան առանձնացրել է մի քանի հետաքրքիր և ռեկորդային փաստ ֆուտբոլային գլխավոր իրադարձության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Քիչ առաջ Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկեց Մունդիալ 2022-ը։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիսավոր բացման արարողությունից հետո առաջնությունը սկսվելու է Կատար-Էկվադոր խաղով։
Բոլոր կանխատեսումներով ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը կլինի բացառիկ ու հետաքրքիր։ Այն արդեն իսկ գրանցել է մի քանի հետաքրքիր ռեկորդ։ Գրանցվել են դեպքեր, որոնք ֆուտբոլային պատմության մեջ դեռ չեն եղել։
Սկսենք նրանից, որ այս Մունդիալն առաջին անգամ մեկնարկում է աշնան վերջին, անցկացվելու է ձմռանը և առաջին անգամ` արաբական երկրում։ Կատարի բնակլիմայական պայմաններից ելնելով` ամռան ամիսներին այնտեղ ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելը պարզապես անհնար էր։ Սակայն տոթն ու շոգը ձմռան ամիսներին էլ Կատարում չեն նահանջում, այդ իսկ պատճառով կազմակերպիչները կառուցել են փակ մարզադաշտեր, որոնք ունեն նաև օդորակիչներ։
Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկեց Մունդիալ-2022-ը
Երկիրը մարզական այս մեծ իրադարձությանը հարմարեցնելու համար Կատարում կառուցվել են նոր մարզադաշտեր, հյուրանոցներ, առևտրի և ժամանցի կենտրոններ, օդանավակայան, մետրո, հիվանդանոցներ և բազմաթիվ այլ ենթակառուցվածքներ։ Ընդհանուր առմամբ ծախսվել է առնվազն 220 միլիարդ դոլար. սա բացարձակ ռեկորդ է։
Այսքան գումար դեռ ոչ մի պետություն չէր ծախսել, ֆուտբոլի աշխարհի առաջնություն կազմակերպելու համար։ Համեմատության համար նշենք, որ 2014-ին Բրազիլիան ծախսել էր մոտ 15 միլիարդ դոլար, 2018-ին Ռուսաստանը ծախսել էր ընդամենը 11 միլիարդ 600 միլիոն դոլար։
Այս մրցաշարը կառանձնանա նաև նրանով, որ առաջին անգամ պատմության մեջ աշխարհի ֆուտբոլի առաջնության խաղերը կսպասարկեն նաև կին մրցավարներ։
Արդեն հայտնի է երեք կին մրցավարի անուն՝ Ստեֆանի Ֆրապար (Ֆրանսիա), Սալիմա Մուկանսանգա (Ռուանդա) և Յոշիմի Յամաշիտա (Ճապոնիա):
Այս առաջնությունում ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Գերմանիայի հավաքականի անդամ Յուսուֆա Մուկոկոն է, նա 18 տարեկան է։ Ամենատարեցը` Կանադայի հավաքականի ավագ Ատիբա Հուտչինսոն է, նա շուտով կդառնա 40 տարեկան։
40 տարեկան է նաև Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Ալֆրեդո Տալավերան։
Կատարն աշխարհի առաջնության սկսվելուց առաջ հրապարակել է կանոններ, որոնց պետք է հետևեն զբոսաշրջիկները։ Դրանցից շատերը վրդովմունքի առիթ են դարձել, բայց արաբական երկրում կանոնները խիստ են, երկրպագուները ուզած– չուզած պետք է հետևեն դրանց։
Օրինակ` Կատարի իշխանություններն աշխարհի առաջնության ժամանակ արգելել են մարզադաշտերում գարեջրի վաճառքը։ Երկրպագուներն ալկոհոլ կարող են գնել միայն արտոնագրված վայրերում, որոնք բավական հեռու են մարզադաշտերից։
Այս արգելքը իհարկե չի խանգարել ֆուտբոլի սիրահարներին։ Նախատեսվում է, որ այս տարի Կատար կժամանի մոտ 1 միլիոն 200 հազար զբոսաշրջիկ։
Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկեց Մունդիալ-2022-ը
Մունդիալ 2022-ին ուժերը կչափեն 32 հավաքական։ Ֆավորիտն աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան է։ Նրան հետևում են Արգենտինան և աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան։
Ի դեպ, այսօր պարզ դարձավ, որ 2022 թ-ի «Ոսկե գնդակի» դափնեկիր, աշխարհի գործող չեմպիոն Կարիմ Բենզեման չի մասնակցի աշխարհի առաջնությանը։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ Կարիմ Բենզեման վերջին մարզման ժամանակ վնասվածք է ստացել և հարկադրված բաց կթողնի Մունդիալ 2022-ը:
1978–ից ի վեր նա կլինի առաջին մարզիկը, որ լինելով աշխարհի գործող լավագույն ֆուտբոլիստը չի մասնակցի աշխարհի առաջնությանը։
Մունդիալի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին: