Թունիսում կայացել է Նիկոլ Փաշինյանի ու Էմանուել Մակրոնի հանդիպումը. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահի հետ զրույցում շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել այս տարվա հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի, Ֆրանսիայի, Ադրբեջանի առաջնորդների և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ:
Կարևորվել է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումը:
Վարչապետ Փաշինյանը շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:
Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են նաև հայ-ֆրանսիական երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը
Հավելենք, որ ՀՀ վարչապետը տիկնոջ հետ այսօր է մեկնել Թունիս` մասնակցելու Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին։
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչի հետ: