Սախալինում բնակելի շենքի պայթյունից 9 մարդ է մահացել. 4–ը երեխաներ են

Նախնական տվյալներով` պայթյունը որոտացել է գազի բալոնի պատճառով, որը ոչ պատշաճ կերպով է պահեստավորվել և շահագործվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Սախալինի բնակելի շենքերից մեկում գազի պայթյունի հետևանքով 9 մարդ է մահացել, որից 4–ը երեխաներ են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով շրջանի նահանգապետ Վալերիա Լիմարենկոյին։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 18–ի գիշերը։ Ժամը 16.45-ի (Մոսկվայի ժամանակով` 08.45) տվյալներով՝ Տիմովսկ ավանում ևս 3 բնակչի որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ավելի վաղ շրջանի ղեկավարն իր Telegram ալիքում նշել էր, որ տան ավերված մուտքում 33 մարդ է ապրում։
Հրդեհ Նոյակերտում. տնից միայն պատերն են մնացել
Դեպքից հետո ՌԴ ԱԻՆ-ը հայտնել էր, որ ըստ նախնական տվյալների` Սախալինի հինգհարկանի բնակելի շենքում գազից պայթյուն է եղել, ինչի հետևանքով շենքի մուտքն ամբողջովին փլուզվել է, փլատակների տակ կարող են մարդիկ լինել։
Միջադեպը տեղի է ունեցել Տիմովսկո ավանում՝ Բիբլիոտեչնայա փողոցի 6 ա հասցեում։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ շենքը գազիֆիկացված չէ։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ նախնական տվյալներով` պայթյունը որոտացել է գազի բալոնի պատճառով, որը ոչ պատշաճ կերպով է շահագործվել: