Ինչու է ՌԴ–ին պետք կայունությունը Հվ. Կովկասում, և ինչ է ուզում Արևմուտքը. Քեռյանի կարծիքը

Արևմտյան երկրները փորձում են Ռուսաստանի շուրջ հակամարտություններ, լարվածության օջախներ ստեղծել, որպեսզի սպառեն նրա ռեսուրսները։ Հարավային Կովկասը բացառություն չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում կայունության հարցում, որպեսզի ռեսուրսները կենտրոնացնի ուկրաինական ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Գարիկ Քեռյանը Երևանում կայացած «Ընթացիկ գործընթացները Հարավային Կովկասում. ՌԴ դերը տարածաշրջանային կայունության ապահովման գործում» քննարկան ժամանակ:
Քեռյանի խոսքով՝ ուժի համաշխարհային կենտրոններն ակտիվացրել են իրենց գործունեությունը տարածաշրջանում, որը նրանց շահերի բախման վայրն է դարձել։
«Արևմուտքը, որը բավականին իներտ էր 44-օրյա պատերազմի ժամանակ, զգալի ակտիվություն է ցուցաբերում արցախյան հակամարտության կարգավորման գործում` ի դեմս Ֆրանսիայի և ԱՄՆ-ի,-ասել է Քեռյանը։
Փորձագետը հիշեցրել է, որ Բրյուսելում հարթակ է ստեղծվել, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պարբերաբար հանդիպում են Եվրախորհրդի ղեկավարի հետ։ Բացի այդ, Երևանի և Բաքվի ներկայացուցիչները հաճախ են այցելում ԱՄՆ և բանակցություններ անցկացնում այնտեղ։
Հարավային Կովկասում և ՀՀ–ում առկա անվտանգային մարտահրավերների հարցը քննարկել են Լիտվայում
«Արևմուտքի հիմնական նպատակը, բնականաբար, ոչ թե Հայաստանն է կամ նրա շահերը, այլ հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցության նվազեցումը»,-նշել է Քեռյանը` հավելելով, որ ՌԴ ռեսուրսները փորձում են մաշեցնել թեժ կետերի ստեղծման հաշվին այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան, Ուկրաինան, Աֆղանստանը։
Այս մարտավարությունը բավականին երկար ժամանակ անփոփոխ է մնում և ուժեղացել է այն բանից հետո, երբ Մոսկվան փորձեց վերականգնել իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում։
«Հարավային Կովկասում կայունությունը Արևմուտքին ձեռնտու չէ. որքան շատ են ՌԴ-ի շուրջ անկայունության օջախները, այնքան ավելի վատ է նրա համար։ Հատկապես Հարավային Կովկասում, որը կարևոր նշանակություն ունի լոգիստիկայի, էներգառեսուրսների, Իրանի և Հնդկաստանի հետ ՌԴ համագործակցության տեսանկյունից»,- պարզաբանել է Քեռյանը։
Ինչ վերաբերում է Մոսկվային, այստեղ ամեն ինչ հակառակն է. տարածաշրջանում կայունությունը նրան անհրաժեշտ է ուկրաինական ուղղության վրա կենտրոնանալու համար։
«Դա թույլ կտա ուժերն ու ռեսուրսները ազատել»,-ասել է Քեռյանը։
Որքան ավելի կայուն է Հարավային Կովկասը, այնքան Մոսկվայի համար ավելի հեշտ է ամրապնդել իր ազդեցությունը Հայաստանում և Ադրբեջանում տնտեսական առումով։ Պատժամիջոցների պայմաններում, Քեռյանի խոսքով, Ռուսաստանը փորձում է ամրապնդել համագործակցությունը Թուրքիայի և Իրանի հետ, իսկ Հարավային Կովկասը կապող օղակն է։
Երևանի և Բաքվի միջև սահմանազատումը պետք է արվի 1921-1924թթ քարտեզների հիման վրա. Սաֆարյան