ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Գերմանական Die Welt պարբերականի ընթերցողները քննադատել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, որում նա մերժում է Ռուսաստանի հետ «կարճաժամկետ հրադադարի» հնարավորությունը։ Օգտատաերերի կարծիքները հավաքել է ՌԻԱ Նովոստին։
Շատերը վստահություն են հայտնել, որ Ուկրաինայի առաջնորդը կսկսի «աղաչել» հրադադարի մասին, հենց որ արևմտյան երկրները դադարեն ֆինանսավորել Կիևին։
«Իհարկե, Զելենսկին մերժում է այն ամենը, ինչը կարող է սպառել նրա դրամական պաշարները։ Նա ոռնալով հրադադար կխնդրի, երբ Արևմուտքը կանգնեցնի դրամական հոսքերը դեպի ուկրաինական կողմ»,-կարծիք է հայտնել օգտատերերից մեկը։
«Զելենսկու փոխարեն ես կհամաձայնեի նույնիսկ երկարաժամկետ զինադադարի։ Նա անտանելի է»,-գրում է մեկ այլ մեկնաբանության հեղինակ։
«Եկեք սպասենք և տեսնենք, թե նա ինչ կասի, երբ Ներկայացուցիչների պալատի հանրապետականները փակեն նրա փողի ծորակը»,-առաջարկել է ընթերցողներից մեկը:
«Զելենսկին միայն զենքի և փողի մասին է մտածում, որոնց մեծ մասը վաղուց բաժանվել է ուկրաինացի պաշտոնյաների միջև։ Ինչո՞ւ են այս ստախոսին դեռ օգնում»,-հարց է բարձրացրել մեկ այլ օգտատեր։
«Նա միայն պահանջել գիտի, և չգիտես ինչու` մեր միամիտ կառավարությունը վստահում է նրան...կամ ձեռնտու է նրան վստահելը»,-ենթադրություն է անում հինգերորդ մեկնաբանը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` խոսելով Ուկրաինայի հետ երկխոսության հնարավորության մասին, հայտարարել էր, որ Մոսկվան բաց է բանակցությունների համար, այդ դիրքորոշումը Կիևին հայտնի է:
Ընդ որում` ուկրաինական կողմը ոչ մի բանակցություն չի ցանկանում, նշել է նա։ Ինչպես ընդգծել է Պեսկովը, ցանկացած բանակցություն իր նպատակն ունի, ռուսական նպատակները լավ հայտնի են, և դրանց «կարող են հասնել կա՛մ հատուկ ռազմական գործողության միջոցով, կա՛մ բանակցությունների միջոցով», և որ «Ռուսաստանը բաց է թե՛ մեկի, թե՛ մյուսի համար»:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 268-րդ օրը։