Արարատ Միրզոյանը Թունիսում հանդիպել է Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարարին

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Թունիսում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարար Մարիա Ուբակ Ֆոնտի հետ և քննարկել զբոսաշրջության, կայուն զարգացման, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում արդյունավետ փոխգործակցության հաստատման հնարավորությունները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգն ընդլայնելու ուղղությամբ՝ կարևորելով այս առումով երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը, ընդգծվել է Ֆրանկոֆոնիայի հարթակի կարևորությունը երկկողմ շփումների ակտիվացման համար։
Արարատ Միրզոյանն ու Մարիա Ուբակ Ֆոնտը
Նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ։
Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը, անդրադարձել Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներին։
Հավելենք, որ Արարատ Միրզոյանը Թունիս է մեկնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 43-րդ նստաշրջանի աշխատանքների մասնակցելու նպատակով։
Թունիսում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ։ Նրանք կմասնակցեն նոյեմբերի 19-20-ին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովին: