ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Վերջին շրջանում խախտվել են ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները և Ադրբեջանի կողմից գործադրված ագրեսիան, որի զոհը դարձավ Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 13-14-ին, այս իրողության վառ դրսևորումն է։ Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը, Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Թունիսի Հանրապետության Ջերբա քաղաքում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի ժամանակ ունեցած իր ելույթում։
«Վերջին շրջանում, ցավոք, պետք է արձանագրենք, որ խախտվել են ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ որևէ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժ չկիրառելու սկզբունքը, որի վրա հիմնված է մեր բոլորի հավաքական անվտանգությունը՝ այդ կերպ աստիճանաբար պարտադրելով ամենաուժեղի օրենքը»,– նշել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ոչնչով չարդարացված և չհրահրված ագրեսիան հանգեցրել է Հայաստանի տարածքների մի մասի օկուպացիային՝ մահ և տառապանք պատճառելով քաղաքացիական բնակչությանն ու հասցնելով զգալի ավերածություններ։
Հաստատված զինադադարը դեռևս վերջ չի դրել Հայաստանի այլ տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումներին:
«Առերեսվելով նոր սպառնալիքներին՝ մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն արդար գնահատական կտա այսօր մեր երկրում տիրող իրավիճակին՝ դատապարտելով հայկական տարածքի որոշ հատվածների օկուպացիան և պահանջելով ադրբեջանական ուժերի վերադարձը նախկին դիրքեր»,–նշել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ Հայաստանն իր հերթին հաստատակամորեն հանձնառու է նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու պայմանագրի գործընթացին, ինչպես նաև ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։
Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ այսօր է մեկնել Թունիս։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը փոխանցելու է Թունիսին:
Ջերբայում գործելու է Ֆրանկոֆոնիայի ավան։ Մասնակից երկրները, ՖՄԿ գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց երկրների մշակութային բազմազանությունը. ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունների, արվեստի ու մշակույթի գործերի, ինչպես նաև ազգային խոհանոցի ներկայացում:
Այս հարթակում Հայաստանի Հանրապետությունը ներկայանալու է «Մշակույթ և տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով, որի ձևավորման առանցքում հայկական հարուստ գորգագործական մշակույթն է: