Զանգվածային կրճատումների պատճառով Twitter-ը ժամանակավորապես փակել է գրասենյակները․ ԶԼՄ

Twitter
Մտավախություն կա, որ սոցցանցի նոր սեփականատիրոջ քաղաքականությունից դժգոհողները սաբոտաժ կանեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ Twitter ընկերությունը, որը վերջերս գնեց հայտնի գործարար Իլոն Մասկը, զանգվածային կրճատումների ֆոնին փակել է իր գրասենյակները։ Տեղեկությունը հայտնում է Business Insider–ը։
Այս որոշումը կայացվել է, քանի որ մտավախություն կա, որ սոցցանցի նոր սեփականատիրոջ քաղաքականությունից դժգոհողները սաբոտաժ կանեն։
Լրատվամիջոցի տվյալներով՝ բոլոր աշխատակիցներին խնդրել են լքել գրասենյակները։ Ենթադրվում է, որ նրանք միայն նոյեմբերի 21-ին կկարողանան աշխատավայր վերադառնալ։
«Մեր գրասենյակները ժամանակավորապես կփակվեն յուրաքանչյուր աշխատակցի և Twitter-ի համակարգերի ու օգտատերերի տվյալների անվտանգությունն ապահովելու համար, անցագրերով մուտքը կդադարեցվի», - նշված է ընկերության ուղարկած նամակներում։
Նշվում է, որ նման միջոցներ էին ձեռնարկվել նաև կրճատումների առաջին ալիքի ժամանակ։
Հիշեցնենք` հոկտեմբերի վերջին Մասկն ավարտեց Twitter-ի գնման գործարքը։ Գործարարը հայտարարեց, որ ընկերությունը ձեռք է բերում մարդկությանն օգնելու համար։ Նա կարծում է, որ պետք է լինի մի թվային հարթակ, որտեղ տարբեր կարծիքները կքննարկվեն առողջ մթնոլորտում։ Շուտով գործարարն աշխատանքից ազատեց աշխատակիցների գրեթե կեսին, իսկ մյուսներին արգելեց հեռավար աշխատել։