Մի՛ զրկեք Արցախի ժողովրդին ինքնորոշման իրավունքից. Օսկանյանի կոչը` ՀՀ իշխանություններին

Վարդան Օսկանյան. Արխիվային լուսանկար
ՀՀ նախկին արտգործնախարարը նշել է, որ հայոց պետականությունը անկախության օրվանից խարսխվել է 5 հենասյան վրա՝ Արցախ, բանակ, սահմանադրություն, առաքելական եկեղեցի և սփյուռք, իսկ այսօր դրանք էապես խարխլվել են, Արցախն էլ կանգնած է փլուզման վտանգի առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին տրամադրած իր հոդվածում կոչ է արել ՀՀ իշխանություններին` չզրկել Արցախի ժողովրդին ինքնորոշման իրավունքից։
«Ֆրանսիայի Սենատի որոշումը մասնակի պատասխան էր բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե 44-օրյա պատերազմի արդյունքում մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղն ու չունենք դիվանագիտական որևէ ճանապարհ կամ այլընտրանք, քան ընդունել Բաքվի պարտադրանքը, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է։ Ցավալին այն է, որ հանձնվողականության գլխավոր ջատագովը Հայաստանի իշխանություններն են։ Ես ուզում եմ պարզապես պահանջել, որ եթե չեք կարող կամ չեք ցանկանում պաշտպան լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, ապա հակառակը մի՛ արեք, պարզապես լռե՛ք եւ մի՛ խանգարեք այլոց աշխատանքին»,– գրել է Օսկանյանը։
Ըստ Օսկանյանի, Արցախյան 44-օրյա պատերազմի առաջացրած ամեն տեսակի բացասական և անընդունելի հետևանքներն արդարացնելու և սեփական բոլոր սխալները նախկինների վրա բարդելու մեծ ցանկության մեջ չի կարելի մեկընդմիշտ փակել Արցախի ինքնորոշման հնարավորությունը։
Նրա պնդմամբ` անկախ նրանից, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչ են ասում, Լեռնային Ղարաբաղի խնդիրն այսօր լուծված չէ, ինչպես չէր լուծվել 1918-20 թվականներին, խորհրդային ամբողջ շրջանում, նախորդ 30 տարում։ Օսկանյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական քաղաքական և դիվանագիտական ձեռքբերումները չի կարելի նսեմացնել։
«ՀՀ որևէ իշխանություն երբևէ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի կազմում, իսկ Մադրիդյան սկզբունքները դիվանագիտական լրջագույն ձեռքբերում էին և չեն կորցրել այժմեականությունը։ 2007-ի նոյեմբերի վերջին Մինսկի խմբի համանախագահ 3 երկիր ԵԱՀԿ նախարարների խորհրդին այդ փաստաթուղթը ներկայացրել են որպես հարցի լուծման համար նրանց համատեղ վերջնական «լավագույն տարբերակ» (co-chairs best guest)։ ...Մադրիդյան փաստաթղթով ԼՂ ինքնորոշման հարցում համանախագահ երկրների տեսակետները կարճ ժամանակ անց վերահաստատվեցին, երբ 2008-ի մարտին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում տարածքային ամբողջականության հիման վրա ԼՂ հարցի լուծման Ադրբեջանի ներկայացրած բանաձևին համանախագահ երկրները դեմ քվեարկեցին»,– հայտնել է նախկին ԱԳ նախարարը։
2008-ի փաստաթուղթը ամենահայանպաստ լուծումներն էր ենթադրում․ Օսկանյանի պատասխանը Փաշինյանին
Ըստ նրա, այս մոտեցումները մնացին նույնը և հետագայում իրենց արտահայտությունը գտան Մեծ ութնյակի շրջանակում Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների իրարահաջորդ հայտարարություններում։ Նրա խոսքով` չի կարելի այս ամենը մոռացության տալ, ինչպես անում են ՀՀ իշխանությունները։
«Հայոց պետականությունը անկախության օրվանից և հաջորդող տարիներին խարսխվել է 5 հենասյան վրա՝ Արցախ, բանակ, սահմանադրություն, առաքելական եկեղեցի և սփյուռք։ Այսօր այդ հենասյուները էապես խարխլվել են, իսկ դրանցից մեկը՝ Արցախը, ամբողջական փլուզման վտանգի առաջ է կանգնած։ Հրաժարվել ենք Արցախից, փոշիացրել ենք բանակը, ոտնահարում ենք սահմանադրությունը, հալածում ենք եկեղեցին և արհամարհում ու նվաստացնում սփյուռքը։ Ժամանակն է զբաղվել այս հենասյուների ամրացմամբ և առաջին հերթին համազգային միջամտությամբ կանխել Արցախյան հենասյունի փլուզումը»,– գրել է Օսկանյանը։
Այսօր ամբողջ հայությունն իր առաջ երկու խնդիր պետք է դնի՝ ներսում դիմադրի իշխանություններին և թույլ չտա՝ ստորագրվի որևէ փաստաթուղթ, իսկ դրսում համախմբի բոլոր տեսակի քաղաքական և իրավական հնարավորությունները՝ կենդանի և այժմեական պահելու Արցախի ինքնորոշման հարցը միջազգային թատերաբեմում։
Դիվանագետի պնդմամբ` այստեղ առաջնորդողը պետք է լինի Արցախն իր իշխանությունների հստակ, աներկբա վճռականությամբ և իր ժողովրդի հաճախակի և զանգվածային հավաքներով։