ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Հայկական ռազմարդյունաբերությունը ԱԹՍ-ների արտադրության հետ կապված լավ նորություններ ունի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
Նախարարի խոսքով` թեպետ հայկական ռազմարդյունաբերության ոլորտում արդյունքների հետ կապված նորությունները հանրությանը շատ են հետաքրքրում, բայց տեղեկություն տրամադրելու սահմանափակումներ ունեն։
«Ոչ թե ասելու բան չունենք, այլ ուղղակի որոշակի սահմանափակումներ կան, որ այս պահին նպատակահարմար չէ այս թեմայի մասին խոսել։ Մենք էլ ենք հնարավորինս շահագրգռված, որ զարգացնենք այդ ոլորտը, հենց որ կարողանանք ձեզ լավ ինֆորմացիա հայտնել, միանշանակ կհայտնեք, բայց դա չի նշանակում, որ լավ ինֆորմացիա չունենք»,–ասաց Խաչատրյանը` խոստանալով առաջիկայում փակ ասուլիսի ձևաչափով որոշ նորություններ հայտնել։
Նախարարն անդրադարձավ նաև Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանի հայտարարությունը, թե Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական կոմիտեն կարողացել է սպառազինության սերիական արտադրություն սկսել, և արդեն կան առաջին պատվերները։
«Մեր տրամաբանությունը հետևյալն է, որ մենք «ԱրմՀայԹեք» ցուցահանդեսն ենք անցկացնում, այս տարվա մարտին ևս անցկացվեց, և այն ցուցանմուշները, որոնք բաց էին հանրության համար, բոլորը հավաքել էինք այնտեղ և ներկայացել։ Կարծում եմ` բոլորը հնարավորություն ունեցել են այցելելու, տեսնելու, ծանոթանալու, խոսելու արտադրողների հետ։ Դրանից ավել բան մենք այս պահին բացահայտել չենք կարող»,– ասաց Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է դժգոհություններին, թե առաջարկվող որոշ նմուշներ կարող են պիտանի լինել բանակում, բայց այդպես էլ հավանության չեն արժանանում և չեն հասնում բանակ, ապա նախարարը նշեց, որ ցանկացած զինտեխնիկա բանակ մուտք գործելուց առաջ անցնում է հաստատված ընթացակարգով։
«Արտադրությունից սպառազինություն անցնելուց առաջ արտադրանքը պետք է ճանապարհ անցնի, այսինքն` գոյություն ունի պետական փորձարկում գաղափարը, որտեղ ՊՆ–ի կողմից նշվում է այն պահանջները, թե ինչին պետք է համապատասխանի այդ սարքավորումը։ Մինչև ճանապարհ չանցնի, պետական փորձարկում չանցնի, դա բանակում կիրառելը անհնարին է, որովհետև առաջին հերթին մենք պետք է մտածենք մեր զինվորների անվտանգության մասին»,– նշեց նա։
Ինչ վերաբերում է ռազմարդյունաբերության ոլորտում աշխատող ընկերությունների բողոքներին, թե կառավարությունը հետևողական չէ, պատվերներ չունեն, նախարարը նշեց, որ իրենք ամենօրյա կապ են պահում ռազմարդյունաբերությամբ զբաղվող այն ընկերությունների հետ, որոնք համաձայնել են աշխատել պետության հետ։ Իսկ մյուս ընկերություններին հորդորեց խնդիրների դեպքում դիմել իրենց։
Նախարարը վստահեցրեց, որ իրենց առջև դրված խնդիրները լուծելու համար առկա ֆինանսական միջոցները բավարար են, թեպետ ֆինանսը միշտ բավարար չի լինում, և եթե տասնապատիկ անգամ շատ լիներ, իրավիճակն այլ կլիներ։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ռազմարդյունաբերական համալիրը պետք է դառնա հայրենական տնտեսության լոկոմոտիվը։ Վերջին 5-6 տարիների ընթացքում ռազմարդյունաբերական համալիրի ֆինանսավորման ծավալն աճել է 4 անգամ և հաջորդ տարի կկազմի 6,8 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 17 մլն դոլար):