Կիևը բանակցություններում մանրակրկտորեն կատարում է Արևմուտքից եկած հրահանգները. Պեսկով

Դմիտրի Պեսկովը նշել է, որ առանց Արևմուտքի հետ երկխոսության ուկրաինական իշխանության դիրքորոշումը «շատ, շատ փոփոխական է»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Այս պահին Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի մասին խոսք չկա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ` Կահիրեում Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման մասին պայմանագրով նախատեսված հանդիպումից հետո, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը չի բացառել ԱՄՆ-ի հետ ավելի բարձր մակարդակով նոր շփումները:
«Ո՛չ, դեռ գագաթնաժողովի մասին․.. այս պահին... խոսք չկա», -լրագրողներին ասել է Պեսկովը։
Խոսելով Ուկրաինայի հետ բանակցություններում Արևմուտքի դերակատարության մասին` նա նշել է, որ Կիևը շատ ուշադիր կատարում է այնտեղից եկած հրահանգները։
Տվյալները փաստում են, որ Լեհաստանը հրթիռակոծվել է ուկրաինական ՀՕՊ հրթիռներով. Ստոլտենբերգ
Միևնույն ժամանակ` Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Արևմուտքի հետ երկխոսությունը կարող է ամրապնդող տարր դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում:
«Կիևի հետ շփման նախորդ փորձը ցույց է տալիս, որ առանց Արևմուտքի հետ երկխոսության` ուկրաինական իշխանության դիրքորոշումը շատ, շատ փոփոխական է», - ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Ուկրաինան հրաժարվում է բանակցություններից և անիրատեսական և ոչ ադեկվատ պայմաններ է առաջ քաշում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 267-րդ օրը։