ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Իրանի իրավապահ մարմինները երկրի հյուսիս–արևմուտքում ահաբեկչական խմբավորում են ձերբակալել։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
«Արևմտյան Ադրբեջանում բացահայտվել և ձերբակալվել են անկարգությունների հետ կապված ահաբեկչական խմբավորման բոլոր անդամները։ Նրանք ծրագրում էին երկիր ապօրինի ճանապարհով զենք ու զինամթերք անցկացնել և օգտագործել այն անկարգությունների ժամանակ` Իրանի քաղաքներում անվտանգության սպառնալիք ստեղծելով», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ձերբակալվածները խոստովանել են, որ մտադիր էին անկարգությունների ժամանակ զենք կիրառել ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիական բնակչության դեմ։
Գործակալության տվյալներով` նրանց անմիջականորեն ղեկավարել են օտարերկրյա ահաբեկչական խմբավորումներ և արևմտյան երկրներից մի շարք հակակառավարական տարրեր։
Սեպտեմբերի կեսերից Իրանում շարունակվում են անկարգությունները, որոնք սկսվել են Մահսա Ամինիի մահից հետո։ Աղջիկը մահացել էր բարքերի ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո։ Բողոքի ցույցեր ու անկարգություններ են անցկացվել Գիլան, Խուզեստան, Բելուջիստան և Սիստան նահանգներում, Թեհրանում և Քրդստանում։
Իրանի իշխանություններն ակցիաներին աջակցելու համար մեղադրում են Արևմուտքի երկրներին, որոնք իրենց լրատվամիջոցներում դիվերսիոն ու Իրանում իշխանությունը տապալելու կոչեր են տարածում: