Պարգևը հասավ հերոսին. ՀՀ նախագահը հայտնի բժշկին է հանձնել Հայրենիքի շքանշանը

ՀՀ նախագահը Հրայր Հովակիմյանին է հանձնել Հայրենիքի շքանշանը
ՀՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ Հրայր Հովագուիմիանը կշարունակի իր մասնակցությունն ունենալ առողջապահության զարգացման գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտնի բժիշկ, սրտաբան Հրայր Հովակիմյանին (Հագոպ (Հրայր) Հովագուիմիան)է հանձնել Հայրենիքի շքանշանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Խաչատուրյանը շնորհավորել է բժշկին, բարձր գնահատել նրա վաստակը և մաղթել քաջառողջություն ու հաջողություններ: Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հրայր Հովագուիմիանը կշարունակի իր մասնակցությունն ունենալ առողջապահության զարգացման գործում՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելով երիտասարդ սերնդին»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` բժիշկը 2020 թվականի օգոստոսի 27-ին պարգևատրվել է ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով։
Հայրենիքի շքանշանը շնորհվում է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց։
Բժիշկը պարգևատրվել է առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար։
Նշենք, որ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1993թ. նրա գլխավորությամբ հիմնադրվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը։ Սրտային վիրաբուժության գծով վերապատրաստել է մեծ թվով հայաստանցի բժիշկների։ Արտասահմանյան մի շարք բժշկական ընկերությունների և ասոցիացիաների անդամ է։ Արժանացել է բազմաթիվ կոչումների ու պարգևների, այդ թվում՝ Երևանի պատվավոր քաղաքացու, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի, պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով և այլն։