Հայկական առաջին` ArmSat–1 արբանյակն ամբողջությամբ պատրաստ է շահագործման. նախարար

ԲՏԱ նախարարը հայտնեց, որ մոտ ժամանակներում արդեն Հայաստան կժամանի աշխատանքային խումբ, որը կզբաղվի մոնտաժային աշխատանքներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Հայկական առաջին արբանյակը` ArmSat–1 –ը, ամբողջությամբ պատրաստ է շահագործման: Արբանյակի բոլոր ենթահամակարգերը թեստավորվել են։ Այս մասին հայկական առաջին արբանյակի աշխատանքներին նվիրված ասուլիսում հայտնեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
Հայաստանն ուզում է արբանյակ արտադրել. Խաչատուրյանը մանրամասներ հայտնեց «Urdaneta»-ի մասին
Նա տեղեկացրեց, որ աշխատանքներ են իրականացվում արբանյակի կառավարումը Հայաստանից իրականացնելու ուղղությամբ։
«Աշխատում ենք կառավարման կենտրոնի կառուցման վրա և մոտ ժամանակներում արդեն Հայաստան կժամանի աշխատանքային խումբ, որը կզբաղվի մոնտաժային աշխատանքներով։ Սարքավորումների մեծ մասը ներկրվել է Հայաստան, համապատասխան մասնագետներն անցնում են վերապատրաստման աշխատանքներ»,–ասաց նախարարը։
Խաչատրյանը նշեց, որ կառավարության կողմից ծրագրին աջակցելու նպատակը տիեզերական տեխնոլոգիաներին առնչվող կարողությունների զարգացումն է, և այս առումով հայկական մի շարք ընկերություններ պատրաստակամություն են հայտնել յուրաքանչյուրն իր ոլորտով աջակցելու ծրագրին։
Հայկական արբանյակի կառավարման կենտրոնը ՀՀ-ում կբացվի մինչև տարեվերջ
Նախարարը նաև հայտնեց, որ իրենց հեռահար նպատակներից է Հայաստանում արբանյակաշինության զարգացումը, որը կարող է միաժամանակ զարկ տալ մի քանի ոլորտների զարգացմանը։
«Քանի որ դա բազմակողմանի ոլորտ է` առնչվում է օպտիկային, միկրոէլեկտրոնիկային, նաև ծրագրերի ապահովման մշակման ոլորտին, այդ իսկ պատճառով արբնանյակաշինությունը ՀՀ–ում կլինի նպաստավոր»,–ասաց նախարարը։
Նշենք, որ Միացյալ Նահանգների Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «Սփեյս Իքս» տիեզերանավով մայիսի 25-ին՝ ժամը 22:35-ին, երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը։