«Այբ» դպրոցի աշակերտների նախագծած սարքը կուղարկվի տիեզերք

«Այբ» դպրոց
Սարքը կհատի տիեզերքի պայմանական սահմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. «Այբ» դպրոցի աշակերտների նախագծած սարքը կուղարկվի տիեզերք։ Տեղեկությունը հրապարակվել է դպրոցի ֆեյսբուքյան էջում։
Խոսքը 197 գրամանոց սարքի (payload) մասին է, որը տեղադրվել է ենթաուղեծրային հրթիռում։ Այն դուրս կգա բաց տիեզերք՝ մինչև 125 կմ բարձրություն, այսինքն` կհատի տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։
«Հրթիռը կուղարկվի Հնդկաստանի «Skyroot» տիեզերակայանից: Սարքը տիեզերքում կմնա 2-3 րոպե և այդ ընթացքում տվյալներ կհավաքի հրթիռի թռիչքի հետագծի, ջերմաստիճանի և ճնշման փոփոխության, արագության, արագացման, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և օզոնի կոնցենտրացիայի մասին»,– ասված է հաղորդագրությունում։
Նախատեսված չափումներն իրականացնելուց հետո սարքը հրթիռի հետ միասին հետ է ընկնելու։
Նշենք, որ «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի «Ad Astra» թիմը հաղթել է 2022 թ. Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթում, և աշակերտների նախագծած սարքը որպես մրցույթի հաղթող ուղարկվում է տիեզերք։
Թռիչքները դեպի Լուսին վերականգնվում են. կանայք էլ կկարողանան իրենց հետքը թողնել այնտեղ