Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Պապուաշվիլի

Շալվա Պապուաշվիլին ու Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Վրաստանը պատրաստ է շարունակել միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայ գործընկերոջ` Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
«Վրաստանը պատրաստ է շարունակել միջնորդի դեր կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի Հարավային Կովկասի տարածաշրջանը խաղաղության և համագործակցության օրինակ դառնա»,-ասել է Պապուաշվիլին:
Նա հույս է հայտնել, որ նրանց կհաջողվի ցույց տալ (և առաջին հերթին` երիտասարդ սերունդներին), որ նույնիսկ ամենաբարդ ժամանակներում Կովկասի ժողովուրդներն իրենց իմաստությամբ և համագործակցությամբ կարող են խաղաղ ապագա կառուցել։
ԱՄՆ–ին ավելի շատ հետաքրքրում է, թե ով է միջնորդը Հայաստանի և Ադրբեջանի միջև
Պապուաշվիլին նշել է նաև, որ Հայաստանի և Վրաստանի արտաքին հարաբերությունների և մշակույթի կոմիտեների միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը լրացուցիչ խթան կհաղորդի երկկողմ համագործակցությանը և կխորացնի փոխգործակցությունը:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմամբ: Նա հավելել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևոր գործոններից է և բարձր է գնահատել վրացական կողմի՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված հետաքրքրվածությունը:
Հանդիպմանը ծավալուն անդրադարձ է եղել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելուն և դրա հետևանքներին: Հիշեցնենք, որ Սիմոնյանը նոյեմբերի 16-ին երկօրյա այցով մեկնել է Թբիլիսի ։ ՀՀ ԱԺ խոսնակն արդեն հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ: