Տիգրան Ավինյանի գործառույթներից նախկինում ոչ մի փոխքաղաքապետ չի ունեցել

Տիգրան Ավինյան. Արխիվային լուսանկար
Երևանի փոխքաղաքապետը շրջում է վարչական շրջաններով, քանի որ, նրա խոսքով, փաստացի ծանոթանալով խնդիրներին` այլ որակի և այլ տեսակի տեղեկատվություն է ստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Երևանի փոխքաղաքապետը Տիգրան Ավինյանը ամեն շաբաթ հանդիպելով վարչական շրջանների բնակիչների հետ՝ պարզապես կատարում է իր աշխատանքային գործառույթը։ Այս մասին նա հայտարարեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ` պատասխանելով հարցին, թե արդյոք նրա ակտիվությունը նման չէ՞ դեռ չսկսված քարոզարշավի։
«Ես Երևանի փոխքաղաքապետ եմ, ով համակարգում և վերահսկում է վարչական շրջանների ու դրանց ղեկավարների աշխատանքը։ Նման գործառույթ նախկինում ոչ մի փոխքաղաքապետ չի ունեցել։ Ես կատարում եմ իմ գործառույթը, իրականացնում եմ շրջայցեր վարչական շրջանների ղեկավարների հետ»,– նշեց Ավինյանը։
Նա վստահեցրեց, որ տեղում, փաստացի ծանոթանալով խնդիրներին, այլ որակի և այլ տեսակի տեղեկատվություն է ստանում, իսկ բնակիչների հետ հանդիպման արդյունքում շատ հարցեր ավելի արագ է կարողանում լուծել։
Տիգրան Ավինյանը հավելեց նաև, որ այս պահին քաղաքապետի գալիք ընտրությունների մասին չի մտածում` միայն կենտրոնացած է փոխքաղաքապետի աշխատանքի վրա։
Հիշեցնենք, որ 2022-ի սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանին որոշում կայացրեց ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում նշանակելու մասին։ Ավագանու 46 անդամից 44–ը կողմ էին քվեարկել Ավինյանի թեկնածությանը, 2–ը` ձեռնպահ։ Դեմ ձայն չկար։