ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ստամբուլի կենտրոնական զբոսաշրջային Ֆաթիհ թաղամասում գազի պայթյունից տասը մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով DHA գործակալությանը։
Գործակալության տվյալներով` գազատարում աշխատանքներ իրականացնելիս դեռ չպարզված պատճառներով գազի արտահոսք է տեղի ունեցել։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը տարածվել է եռահարկ շենքի առաջին հարկում։ Կրակը հաջողվել է արագ մեկուսացնել և մարել։
Տուժածները, այդ թվում գազային ընկերության աշխատակիցները, հիվանդանոց են տեղափոխվել։
Փողոցում միջադեպի պատճառով խուճապ է առաջացել։
Հիշեցնենք, որ նախորդ օրը նույն թաղամասում մի շարք պայթյուններից հետո հրդեհ էր բռնկվել, որից տուժել էին մեքենաներ և մոտակայքում գտնվող բանկոմատը, որևէ մեկը չի տուժել։ Պայթյունների պատճառը ևս դեռ հայտնի չէ։
Ֆաթիհ թաղամասում կենտրոնացած է քաղաքի գլխավոր պատմամշակութային տեսարժան վայրերի մեծ մասը, մասնավորապես այստեղ է գտնվում Սուլթանահմեդ հրապարակն ու մի շարք հայտնի մզկիթներ։