Սերգեյ Լավրովը կմասնակցի Երևանում կայանալիք համատեղ նիստին

Սերգեյ Լավրով
Նիստի մասնակիցները կքննարկեն կազմակերպության շրջանակում արտաքին քաղաքական, ռազմական, հակաահաբեկչական համագործակցությանը վերաբերող որոշումների փաթեթը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 22-23-ը կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին, որը կկայանա Հայաստանում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը։

«Միջոցառումը տեղի կունենա Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի նախաշեմին։ Մտքեր կփոխանակվեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրության և կազմակերպության գործունեության վերաբերյալ»,-ասաց Նեչաևը։

Նրա խոսքով՝ նիստի մասնակիցները կքննարկեն կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքական, ռազմական, հակաահաբեկչական համագործակցությանը վերաբերող որոշումների փաթեթը:
Նախատեսվում է նաև հավանություն տալ մի շարք փաստաթղթերի, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացվող ամփոփիչ հռչակագրին։
Հիշեցնենք` նոյեմբերի 22-ին Հայաստան է այցելելու նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։