Ռուսաստանցի մարզիչ Սլուցկիին առաջարկել են գլխավորել Հայաստանի հավաքականը

Լեոնիդ Սլուցկի. Արխիվային լուսանկար
Ռուսաստանցի մասնագետը մերժել է առաջարկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանցի մարզիչ Լեոնիդ Սլուցկիին առաջարկել են գլխավորել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը։ Այս մասին գրում է «РБ Спорт»–ը։
Նշվում է, որ Հայաստանի հավաքականում ակտիվորեն գլխավոր մարզիչ են փնտրում և դիտարկել են Սլուցկիին հրավիրելու տարբերակը։ Սակայն ռուսաստանցի մասնագետը հրաժարվել է առաջարկից։
Նոյեմբերի 15-ին Սլուցկին իր ցանկությամբ լքեց Կազանի «Ռուբին» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ Մասնագետն ազգային թիմի հետ աշխատելու փորձ ունի` 2015-2016 թվականներին գլխավորել է Ռուսաստանի հավաքականը։
Ավելի վաղ հայտնել էին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները կապ են հաստատել նաև ՌԴ հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ։
«Բանակցությունները դրական և բավական կոնկրետ են եղել» , – նշվում էր հաղորդագրության մեջ։ Սակայն արդյունքում Կարպինը, որը գլխավորում է նաև «Ռոստով» ակումբը, որոշեց մնալ Ռուսաստանի հավաքականում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին հրաժարական ներկայացրեց Հայաստանի հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը։ Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում էր նոյեմբերի 30-ին, սակայն Հայաստանի հավաքականի վերջին խայտառակ ելույթները, հատկապես Ուկրաինայի հետ խաղում պարտությունը, մարզչի հասցեին հանրության շրջանում քննադատության լուրջ ալիք բարձրացրեց։ Հայկական ԶԼՄ–ների ներկայացուցիչները նույնիսկ հրաժարվեցին լուսաբանել Կապառոսի ամփոփիչ մամուլի ասուլիսը։
Կապառոսն էլ կհեռանա, բայց կշահի՞ արդյոք դրանից հայկական ֆուտբոլը
Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի В դիվիզիոնի A ընտրական խմբում երեք միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը։ Առաջին տուրում Կապառոսի սաները Երևանում հաղթանակ տարան Իռլանդիայի նկատմամբ (1:0), որից հետո պարտվեցին Գլազգոյում շոտլանդացիներին (0:2), Լոձում` Ուկրաինային (0:3) և Երևանում` Շոտլանդիային (1:4)։ Սեպտեմբերի 27-ին Դուբլինում Իռլանդիայի հետ խաղում պարտվեցին 3:2 հաշվով։ Սրա հետևանքով Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունը Հայաստանը կանցկացնի ավելի թույլ С դիվիզիոնում։