Պետք է ամեն ինչ արվի, որ ձմռանն Իրանից եկող բեռատարները նոր ճանապարհով երթևեկեն. Փաշինյան

Արխիվային լուսանկար
Տաթև-Լծեն ճանապարհահատվածի մեծ մասը նորոգվել է, սակայն Շամբ-Լծեն հատվածըում դեռ 6 կմ նորոգման կարիք կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Այս պահին բավական ճանապարհներ կան, որոնք վերանորոգման ընթացքի մեջ են։ Մասնավորապես, Տաթև-Լծեն 20 կիլոմետրանոց ճանապարհի 17.8 կիլոմետրն արդեն ասֆալտապատ է։ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Նորավանն արդեն ասֆալտապատել ենք, և մեր խնդիրը մնում է Շամբ-Լծեն հատվածը, որտեղ 6 կմ ունենք նորոգելու։ Եթե սա էլ կարողանանք ասֆալտապատել, կստացվի, որ ձմռանը կկարողանանք ճանապարհն օգտագործել։ Բոլորս աշխատում ենք այդ ուղղությամբ»,–ասաց Սանոսյանը։
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց` բոլորը հասկանում են այդ ճանապարհի նշանակությունը և պետք է ամեն ինչ արվի, որպեսզի ձմռանն Իրանից եկող կամ Իրան գնացող բեռատարները կարողանան այդ ճանապարհով երթևեկեն, այսինքն` Տաթևի ոլորանները շրջանցեն։
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 1 մլրդ 235 մլն դրամ տրամադրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ճանապարհաշինության համար։
Սյունիքում 230 կմ ճանապարհ է կառուցվել ու կառուցվում, ինչն աննախադեպ է. Սանոսյան
Սանոսյանը հայտնեց` ծրագրեր կան, որոնք ավարտում են, և անհրաժեշտ է վճարել շինարարներին, խորհրդատուներին կամ տեխնիկական հսկողներին։ Մասնավորապես, խոսքը կենսական նշանակության ճանապարհային ցանցի, Մ6 Վանաձոր-Բագրատաշեն 51 կիլոմետրանոց ճանապարհի և «Հյուսիս-հարավ» ծրագրի Թալին-Լանջիկ 18.7 կմ հատվածի կառուցման մասին է։