Մոսկվայում ԱՊՀ երկրների կինոփառատոն կանցկացվի

Կինոյի թանգարանի ցուցանմուշներից. Արխիվային լուսանկար
Փառատոնին ընդհանուր առմամբ 11 երկրներից շուրջ 120 մասնակից է սպասվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների միջազգային կինոփառատոնը կանցկացվի Մոսկվայում նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը։ Այս մասին հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը։
Այս տարվա կարճամետրաժ և լիամետրաժ մրցութային ծրագրերում ֆիլմեր են ներկայացված Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լատվիայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ադրբեջանից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ մի շարք ֆիլմերի համաշխարհային պրեմիերաները կայացել են Եվրոպայի և Ասիայի խոշորագույն կինոփառատոններում։
Փառատոնը կբացվի «Մալավիի մետաղադրամը» վավերագրական ֆիլմի պրեմիերայով։ Ֆիլմը նվիրված է XXI դարում Վասիլի Շուկշինի կերպարի ընկալմանը, այն նկարահանել է Ալեքսեյ Ֆեդորչենկոն, որը 2020 թվականին եղել է փառատոնի լիամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահը։
Փառատոնն անցկացվում է 2003 թվականից, առաջին նախագահը եղել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բատալովը։ 2019 թվականից փառատոնի գործընկերն է դարձել ԱՊՀ անդամ պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամը, և կինոփառատոնը միջազգային կարգավիճակ է ձեռք բերել։ 2021 թվականից փառատոնին աջակցում է ՌԴ մշակույթի նախարարությունը։