ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Իրանին կոչ է անում համագործակցել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի հետ կապված հարցերի լուծման համար: Տեղեկությունը նշված է ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի ընդունած բանաձևում։
Փաստաթղթում ՄԱԳԱՏԷ-ն կարևորում է «գործակալության հետ Իրանի լիարժեք և ժամանակին համագործակցության անհրաժեշտությունը՝ վաղուց չլուծված խնդիրները պարզաբանելու և կարգավորելու նպատակով»:
Այնտեղ նաև նշված է, որ այդ խնդիրները, ինչպես ենթադրվում է, պայմանավորված են նրանով, որ Իսլամական Հանրապետությունը չի պահում միջուկային ծրագրի խաղաղ բնույթի երաշխիքները:
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի վերջին հաշվետվության մեջ նշվում է, որ Իրանը շարունակել է ուրան-235-ի հարստացումը մինչև 5 տոկոս 2019-ի հուլիսից, ուրանի հեքսաֆտորիդ-235-ը հարստացնում է մինչև 60 տոկոս 2021թ.-ի ապրիլից։ Այդ գործողությունները չեն համապատասխանում ՄԱԳԱՏԷ-ին 2016թ.-ի հունվարին ներկայացված ծրագրին։
Հունիսին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին ասել էր, որ Իրանը մինչ օրս գործակալությանը չի բացատրել ուրանի ծագումը երեք չհայտարարված օբյեկտներում, և դրանց վերաբերյալ երաշխիքների հարցերը չլուծված են մնում:
Ավելի վաղ «եվրոեռյակը» (Գերմանիա, Ֆրանսիա, Բրիտանիա) հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի հարցով ԳՀՀՀ-ի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը վտանգի տակ է դնում գործարքի վերականգնման հեռանկարները:
Համատեղ հայտարարության մեջ նշվել է, որ Իրանը շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագիրը՝ «դուրս գալով այն սահմաններից», որոնք կարելի է արդարացնել «քաղաքացիական նկատառումներով»: