ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հայաստանյան այցն օգտակար էր: Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը։
Նոյեմբերի 14-ին Իգոր Խովաևն այցելել էր Երևան և հանդիպել Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ։
Նեչաևի խոսքով` Երևանում Խովաևը հայ գործընկերների հետ օգտակար քննարկումներ է անցկացրել հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցերի շուրջ:
«Խովաևը պատրաստվում է այցելել նաև Բաքու», - ասել է Նեչաևը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ պրահյան բանակցությունների ընթացքում ուղղորդվել է ՌԴ նախագահի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հրապարակային հայտարարություններով: Փաշինյանը շեշտել էր, որ Հայաստանի համար ընդունելի են ռուսական կողմի՝ «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքներն ու պարամետրերը» նախագծով առաջարկված մոտեցումները։