Ինչու է կողաշրջվել ՊՆ–ի մեքենան. ՔԿ–ն որոշ մանրամասներ է հայտնում

ՀՀ քննչական կոմիտե
Ավտոմեքենան կողաշրջվել է զորամասից կրակային դիրք տեղափոխելու ճանապարհին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է վարելու կանոնները խախտելու հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Երեկ հայտնի դարձավ, որ ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով 1 զինծառայող մահացել է, 7–ը` վնասվածքներ ստացել։
«ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողը իր կողմից վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայով անձնակազմին զորամասից կրակային դիրք տեղափոխելու ճանապարհին խախտել է տրանսպորտային մեքենա վարելու կանոնը, որի հետևանքով մեքենան կողաշրջվել է, զինծառայողներից մեկը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ մյուսները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել կայազորային զինվորական հոսպիտալ»,– ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: