Միջպետական բանկի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները քաղաքացիներին խորհուրդ են տալիս խնայողությունները պահել ազգային արժույթով կամ դիվերսիֆիկացնել առկա խնայողությունները: Մասնավորապես` Միջպետական բանկի փոխնախագահ Իգոր Չումակովսկին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնից Երևան-Մինսկ-Բիշքեկ տեսակամրջի միացման ժամանակ հայտնեց, որ ինքն անձամբ խնայողությունները ռուբլով է պահում։
«Դոլարով խնայողությունները, որոնք նույնպես կային, խնդրի էին վերածվել։ Նրանք նման են առանց բռնակի ճամպրուկի. ափսոսում ես նետել, բայց տանելն էլ անհարմար է։ Քանի որ Ռուսաստանում դոլարի և եվրոյի տոկոսադրույքներ պարզապես չկան, տոկոսի ինչ-որ տասնորդական մաս է լինում»,-ասաց Չումակովսկին։
Նա նաև խորհուրդ չի տալիս ներդրումներ կատարել ոսկու ձուլակտորներում` դրանց իրացվելիության խնդրահարույց լինելու պատճառով:
Չումակովսկին մատնանշեց Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև առևտրում ազգային արժույթով վճարումների ծավալի աճը։ Այս առումով առաջատարը ռուբլին է։ Նա պարզաբանեց, որ շուկայի մասնակիցներն առավել անվտանգ և հարմարավետ են համարում հաշվարկներ անել հենց ազգային արժույթներով։
«Բայց որպեսզի ազգային արժույթներով վճարումներն ավելի մեծ տեղ զբաղեցնեն մեր բոլոր երկրների տնտեսվարող սուբյեկտների տնտեսական կյանքում, անհրաժեշտ է ոչ միայն զարգացնել այդ վճարումների խթանման համակարգը, այնպես էլ ֆինանսական շուկաներ ստեղծել»,-ասաց նա։
Փորձագետն ապագայում ազգային արժույթներով վճարումների ծավալի ավելացում է կանխատեսում։ Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, նույնիսկ 10 տարի անց դոլարից հրաժարվելը չափազանց դժվար կլինի։ Չումակովսկին նաև նոր միտում մատնանշեց` թվային ազգային արժույթներով վճարումերի զարգացման հեռանկարը: