ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի առաջին 9 ամիսներին կազմել է 3,2 մլրդ դոլար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն:
«Ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև անշեղորեն աճում է, նկատվում է դրական դինամիկա։ Նախորդ տարի ռեկորդային ցուցանիշ ունեինք՝ 2,6 մլրդ դոլար: Սակայն այս տարի ցուցանիշը շատ ավելի բարձր է», - ասել է Դոնչենկոն:
Նա վստահեցրեց, որ այս տարի կրկնակի ավելացել է ինչպես ներմուծումը, այնպես էլ արտահանումը։ Ինչ վերաբերում է «Վերին Լարս» անցակետում տիրող իրավիճակին, Դոնչենկոն նշեց, որ դա ազդում է ապրանքաշրջանառության ցուցանիշների վրա։ Նա ընդգծեց, որ նման իրավիճակ միշտ եղել է, և դա ոչ թե քաղաքական, այլ հենց աշխարհագրական առանձնահատկությունների հարց է։
«Իրավիճակն ավելի է բարդանում` ճանապարհի նեղության, եղանակային պայմանների և բեռնափոխադրումների ավելացման պատճառով։ Մենք հետևում ենք իրավիճակին, ամեն կերպ փորձում ենք իրավիճակը փոխել, որ օգնենք մեր արտահանողներին»,-ասել է Դոնչենկոն:
Ըստ նրա, այս ամենը չի կարող չազդել իրավիճակի վրա։