ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ներկայացուցիչները դարձել են «Ռոսատոմի» Global Atomic Quiz-2022 միջազգային նախագծի մրցանակակիրներ։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսատոմը»։
Նշվում է, որ նախագծի մրցանակակիրներ են ճանաչվել Ռուսաստանի, Հայաստանի, Ուզբեկստանի, Բանգլադեշի, Վիետնամի, Հունգարիայի, Բելառուսի, Հնդկաստանի և այլ երկրների 100 մասնակիցներ, որոնք ամենաշատ միավորներն են հավաքել։
«Ընդհանուր առմամբ, այս տարի նախագիծը առցանց համախմբել է ավելի քան 7 հազար միջուկային էնտուզիաստների աշխարհի ավելի քան 35 երկրներից: Բոլորը կարող էին մրցել մրցանակների համար՝ ճիշտ և արագ պատասխանելով հնարավորինս շատ հարցերի: Ճիշտ պատասխանների քանակի և վիկտորինան անցնելու արագության հիման վրա կազմվել է հաղթողների ավտոմատ վարկանիշ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մրցանակակիրները կստանան յուրահատուկ նվերների հավաքածու՝ օրիգինալ NUCLEUS սեղանի խաղ, նոթատետր, որի շապիկը նկարազարդված է արհեստական բանականության կողմից, ինքնատիպ օրացույց՝ «Ատոմային տրամադրություններ» և առևտրի պայուսակ՝ պատրաստված վերամշակված պլաստիկից:
Global Atomic Quiz 2023–ին յուրաքանչյուրը կարող է ստուգել իր գիտելիքները՝ լրացնելով 2021 և 2022 թվականների վիկտորինայի հարցերը: Լրացուցիչ տեղեկությունների համար պետք է այցելել quiz.atomforyou.com։
Նշենք, որ Global Atomic Quiz-ը «Ռոսատոմի» ամենամյա միջազգային կրթական նախագիծն է: 2022 թվականին մրցույթն անցկացվեց երրորդ անգամ։ Իր գոյության ընթացքում այն գրավել է շուրջ 30 հազար մարդու ուշադրությունն աշխարհի ավելի քան 70 երկրներից։ Վիկտորինան հասանելի էր 11 լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, հայերեն, թուրքերեն, իսպաներեն, պորտուգալերեն, հունգարերեն, բենգալերեն, վիետնամերեն, ուզբեկերեն, ղազախերեն: