Չէինք հայտարարել, բայց 2 պաշտոնյաներն ազատվեցին «Սուրմալուի» դեպքի հետ կապված. Փաշինյան

Պայթյուն՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր հանձնարարականը չէր կատարվել, ինչի համար էլ ազատվել են պաշտոնից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը և տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն ազատվել են պաշտոնից «Սուրմալուի» դեպքերի հետ կապված։ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սուրմալուի» պայթյունի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցները պարգևատրվել են
«Չենք հայտարարել այդ մասին, բայց ուզում եմ ասել, որ և՛ տեսչական մարմինները համակարգող գրասենյակի ղեկավարի, և՛ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնանկությունը կապված է «Սուրմալուի» դեպքերի հետ։ Իմ տված կոնկրետ հանձնարարականը չի կատարվել, երբ Բեյրութի պայթյունից հետո հստակ հանձնարարել ու ասել եմ՝ գույքագրեք և բացառեք որևէ հնարավորություն, որ Հայաստանում էլ նման բան կրկնվի»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` կան հարցեր, որոնց դեպքում կոմպրոմիսների չպետք է գնան։ Փաշինյանը նշեց` անհատական պատասխանատվությունը կարևոր բան է, քանի որ ինքը «պարտավոր չէ շաբաթը մեկ զանգի և հիշեցնի, թե ինչ հանձնարարական է տվել»։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն տեղի ունեցավ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ 16 մարդ է մահացել, մեկը համարվում է անհետ կորած։
Սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանի որոշմամբ Գեղամ Շախբազյանն ազատվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
Իսկ հոկտեմբերի 3-ին Փաշինյանի որոշմամբ Արթուր Ասոյանն ազատվեց տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից: