ՌԱԴԻՈ

ԱՄՆ–ին ավելի շատ հետաքրքրում է, թե ով է միջնորդը Հայաստանի և Ադրբեջանի միջև

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախահագահ Իլհամ Ալիևի հետ ԱՄՆ–ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հեռախոսազրույցներին։
Sputnik
Միացյալ Նահանգներին հետաքրքրում է ոչ այնքան խաղաղության պայմանագրի բովանդակությունը, որքան այն հարցը, թե ով է միջնորդը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
ԱՄՆ–ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նախօրեին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` կողմերին կոչ անելով պլանավորել հետագա բանակցությունները Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Բլինկենն Ալիևի հետ զրույցում հորդորել է պահպանել հրադադարը, զերծ մնալ սադրանքներից և ուսումնասիրել Հայաստանի հետ վստահության ամրապնդման միջոցները՝ խաղաղության համար հող նախապատրաստելու համար, իսկ Փաշինյանին կոչ է արել պահպանել բանակցությունների տեմպը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացած զրույցից հետո։
«ԱՄՆ–ի շահերից է բխում այն, որ բանակցություններն ընթանան իր օրակարգով և միջնորդությամբ և մինչև տարեվերջ կնքվի խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչի մասին ամենաբարձր մակադարկով հայտարարվել է մի քանի անգամ։ Բայց հիմա կա մտավախություն, որ այդ փաստաթուղթը կարող է մինչև ընթացիկ տարվա վերջը չստորագրվել, հետևաբար Միացյալ Նահանգները ցանկանում է, որպեսզի կողմերն արագացնեն բանակցային գործընթացը, և չտապալվեն Վաշինգտոնի ու Բրյուսելի ջանքերը»,– ասաց քաղաքագետը։
Բլինկենն Ալիևին կոչ է արել շարունակել Հայաստանի հետ բանակցային գործընթացը
Միքայելյանի կարծիքով` Ադրբեջանի ղեկավարությունն առաջնորդվում է հիմնականում իր շահերով, որոնք որոշակիորեն համընկնում են ԱՄՆ–ի շահերի հետ, քանի որ երկուսն էլ շահագրգռված են, որպեսզի ռուսական խաղաղապահ ուժերը դուրս գան Լեռնային Ղարաբաղից և արցախյան հակամարտությունն ավարտվի ցանկացած պայմանով։
«Համացանցում մեկուկես ամիս առաջ հայտնված փաստաթղթի նախագիծը նույնպես վկայում է այդ մասին, թեև մյուս կողմից պետք է նշել, որ Ադրբեջանը միանշանակորեն չի ընդունում Միացյալ Նահանգների բոլոր տեսակետները, չի լսում, բայց հաշվի է առնում, որովհետև իր դաշնակից Թուրքիայի և ԱՄՆ–ի ռազմավարական հարաբերությունները պահպանվում են, ինչն ամենագլխավոր խաղաթուղթն է նաև Թուրքիայի համար»,– ասաց մեր զրուցակիցը։
Քաղաքագետի պնդմամբ` երբ Միացյալ Նահանգների համար արևմտյան մոտեցումներն ավելի կարևորվեն, այդժամ Վաշինգտոնը համեմատաբար լուրջ քաղաքական ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա` պատժամիջոցների կամ այլ տեսքով։ Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ քննարկում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական հանդիպումը կազմակերպել Վրաստանում կամ մեկ այլ վայրում, որպեսզի բանակցությունները թևակոխեն նոր փուլ։
«Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել նաև առանց լուրջ հրապարակային գործընթացի, որովհետև արդեն տեսել ենք, որ Հայաստանում որոշումները կայացվում են առանց հասարակության հետ խորհրդակցելու»,– նշեց քաղաքագետը։
Միքայելյանի դիտարկմամբ` Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստանձնելով միջնորդական հանձնառություն` ԱՄՆ–ն նախևառաջ առաջնորդվում է սեփական շահերով, և եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Վաշինգտոնը հիմա ուրիշ գործ չունի և մտածում է միայն Հայաստանի շահերը պաշտպանելու մասին, չարաչար սխալվում են։
Ըստ նրա` Հայաստանի խնդիրը ճիշտ մանևրելն է, որպեսզի թույլ չտա իր շահերին հակասող որևէ քաղաքականություն առաջին հերթին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, իսկ ԱՄՆ–ի և Ռուսաստանի հետ հարաբերությունները դրան միայն պետք է նպաստեն, հետևաբար անհրաժեշտ է ցուցաբերել նախաձեռնողականություն, լինել ակտիվ ու չսպասել, թե ինչ են առաջարկելու գերտերությունները։