Վրաստանում ուզում են արգելել այն օտարերկրացիների մուտքը, որոնք չեն վճարում տուգանքները

Ոստիկան
«Խելացի» տեսախցիկները կես տարում 1 441 576 խախտում են արձանագրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի խորհրդարանը քննարկում է օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենաների երթևեկության կանոնները խախտելու համար տուգանքների վերաբերյալ փոփոխությունները: Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Վրաստանում երթևեկության կանոնների խախտումներն արձանագրում են ոչ միայն ոստիկանները, այլև «խելացի» տեսախցիկները։ Միակ տարբերությունն այն է, որ ոստիկանները տեղում են տուգանք գրում, իսկ տեսախցիկների արձանագրած խախտումները հրապարակվում են ՆԳՆ կայքում, տեղի մեքենաների սեփականատերերը SMS հաղորդագրություններ և ծանուցումներ են ստանում իրենց գրանցման հասցեով։
Իսկ Վրաստանում գրանցում չունեցող օտարերկրացիների դեպքում անդորրագրերի հանձնման խնդիր կար։ Փոփոխությունների համաձայն՝ ՆԳՆ կայքում խախտման մասին հրապարակումից 30 օր անց համարվի, որ խախտողը տեղեկացվել է։ 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում տուգանքին տույժ կգումարվի։
«Այս օրենսդրական կարգավորմամբ նախատեսվում է արտասահմանյան համարանիշներով ավտոմեքենաների վարորդներից գանձել տեսախցիկների արձանագրած խախտումների համար սահմանված տուգանքը»,– պարզաբանել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն:
Բացի այդ, արտասահմանյան համարանիշներով մեքենաների սեփականատերերը, որոնք չեն վճարի տուգանքը, հաջորդ անգամ չեն կարողանա մուտք գործել Վրաստան։
Կայքը նշում է, որ «խելացի» տեսախցիկները վեց ամսում 1 441 576 խախտում են արձանագրել, որոնց ընդհանուր գումարը 66,2 մլն լարի է կազմում։
Կարգազանց արտասահմանցիներին Հայաստանից հեռանալիս կտուգանեն