Շրջանակային ու դետալացված մոտեցումներ կան. Փաշինյանը` խաղաղության պայմանագրի մասին

Արխիվային լուսանկար
Խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ–ն արդեն առաջարկել է իր տարբերակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը խաղաղության պայմանագրի վերաբերյալ երկու մոտեցում ունի` դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդել։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցումն այն է, երբ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։ Փորձը ցույց է տալիս, որ հարցերը շատ դետալացված լուծելու պարագայում կարող ենք դժվարություններ ունենալ։ Այս է պատճառը, որ ՀՀ–ն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել, և սա ընդունված պրակտիկա է։ Մենք նույնպես պետք է աշխատենք գնալ այս ճանապարհով»,– նշեց Փաշինյանը։
Նա հույս հայտնեց, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պիտի կայանա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը պետք է լինի ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության մասին։
Հիշեցնենք` նոյեմբերի 10–ին ՀՀ կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է ԼՂ–ի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի` միջազգային երաշխիքներով, որի արդյունքում ԼՂ–ն պաշտպանության բանակ ունենալու կարիք չի ունենա։
Իրատեսական չէ. Փաշինյանը` մինչև խաղաղության պայմանագիրը դելիմիտացիա անելու մասին
Վարչապետը հիշեցրեց, որ ապառազմականացման առաջարկ Հայաստանն արել է նաև ՀՀ–Ադրբեջան սահմանի մասին` առաջարկելով զորքերը հետ քաշել 1991թ–ին հաստատված սահմանից ու ստեղծել 3կմ–անոց ապառազմականացված գոտի։ Նրա խոսքով` հոկտեմբերի 31-ին Ադրբեջանին է փոխանցվել նաև այս առաջարկի նորացված տարբերակը։