ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Իռլանդիայի ղեկավարության 52 անդամների և քաղաքական գործիչների նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Ի պատասխան Իռլանդիայի կառավարության հակառուսական կուրսի, որն անվերապահորեն աջակցում է Եվրամիության կողմից Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ սահմանած միակողմանի սահմանափակող միջոցները, որոնք նպատակ ունեն մեր երկիրը միջազգայնորեն մեկուսացնելու, որոշում է կայացվել 52 իռլանդացի քաղաքական գործիչների և պաշտոնյաների ներառել ռուսական պատժամիջոցային ցանկում»,–նշված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ ռուսական պատժամիջոցների ցանկում են հայտնվել Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը, նրա տեղակալ Լեո Վարադկարը, Դոյլի (խորհրդարանի ստորին պալատի) նախագահ Շոն Օ'Ֆորիլը, արտաքին գործերի և պաշտպանության նախարար Սայմոն Քովնին, գլխավոր դատախազ Հելեն Մակինթին և մի շարք սենատորներ և խորհրդարանի ստորին պալատի անդամներ:
Նշվում է, որ գործելով Բրյուսելի թելադրանքով՝ Իռլանդիան ագրեսիվ հակառուսական քարոզչություն է վարում: Իռլանդիայում ռուսաֆոբ հիստերիայի բորբոքման հետևանքներից մեկն այս տարվա մարտին Դուբլինում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակումն էր։