ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Microsoft ընկերության ներկայացուցչությունը դադարեցնում է Ադրբեջանում իր գործունեությունը։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ–ները` վկայակոչելով «Ադրբեջանական ինտերնետ ֆորումի» ղեկավար Օսման Գյունդուզին։
Վերջինս ընդգծել է, որ համաշխարհային հսկայի ներկայացուցչությունը փակվելու եզրին է։ Գրասենյակի ղեկավարը և աշխատակիցների մեծ մասն աշխատանքից ազատվել են։ Նրանց անգամ այլ երկրներում գործող գրասենյակներում են աշխատանք առաջարկել։ Փակման պատճառների մասին չեն հայտնում։
«Այն, որ Microsoft–ը լքում է Ադրբեջանը, «ուղեղի մեջ չտեղավորվող» իրադարձություն է»,– գրել է Գյունդուզը։
Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունում մեկնաբանելով ընկերության փակման մասին լուրերը` հայտարարել են, որ յուրաքանչյուր ընկերություն ինքն է որոշում ռազմավարությունն ու գործունեության ոլորտը։ Գերատեսչությունից նաև նշել են, որ դա չի նշանակում Microsoft–ի և հանրապետության կառավարության միջև գոյություն ունեցող համագործակցության դադարեցում, և որ ընկերությունն իր գործընկերների միջոցով շարունակում է համագործակցությունը Ադրբեջանի պետական կառույցների և մասնավոր ընկերությունների հետ։
Microsoft–ից մեկնաբանություն դեռ չեն եղել։