Մեքենաներում առկա SOS կոճակը 2023 թվականից կսկսի Հայաստանում գործել. Սանոսյան

Ավտոմեքենայի սրահ
Գնել Սանոսյանը համարում է, որ համակարգի ակտիվացումը կարող է շատ կյանքեր փրկել և անհրաժեշտ կլինի արտակարգ իրավիճակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում 2023 թվականից կսկսի գործել վթարային իրավիճակում արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի ավտոմատացված համակարգը, այսինքն` մեքենաներում առկա այսպես կոչված SOS կոճակը կսկսի աշխատել։ Այս մասին խորհրդարանում 2023 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքայի կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Մեքենաներում առկա SOS համակարգը Հայաստան հասնելուն պես սկսում է չաշխատել, քանի որ մենք այն չունենք։ 2023 թվականին կփորձենք տեղադրել այդ համակարգը, որը շատ կյանքեր կփրկի և արտակարգ իրավիճակներում պետք կգա»,– ասաց Սանոսյանը։
Նշենք, որ SOS համակարգը գործակվում է, երբ լուրջ վթարներ են արձանագրվում։ Բախման փաստն արձանագրելուց անմիջապես հետո ձևավորվում է VIN կոդ, որը ներառում է տվյալներ մեքենայի մասին, գտնվելու վայրի կոորդինատները, արագությունը և ուղղությունը։ Հնարավոր է իմանալ նաև ուղևորների քանակի մասին տեղեկություն, որը որոշվում է բախման պահին ամրացված ամրագոտիների քանակով։