Մայքլ Առլեն. հայազգի գրող, որը փորձում էր մոռանալ իր ազգությունը

Մայքլ Առլեն (ձախից), 1925 թ.
Sputnik
Եկեք անկեղծ լինենք։ Եթե որևէ ազգ ինքնաքննադատաբար, երբեմն նույնիսկ հումորով է մոտենում ինքն իրեն, դա ամենայն հավանականությամբ, առողջության նշան է, բայց երբ այդ ինքնաքննադատությունը ակնհայտ ժխտողական ու բացասական վերաբերմունքի է վերածվում, մարդ արդեն չի հասկանում, թե որն է այդ ինքնախարազանման իմաստը։
Ու մինչև չգտնենք այս հարցի ստույգ պատասխանը, դժվար թե կարողանանք պարզել, թե իրականում ով էր Մայքլ Առլենը՝ տաղանդաշատ հայ գրո՞ղ, որի ստեղծագործությունները մեկ դար առաջ մեծ ազդեցություն են գործել եվրոպական հասարակության վրա, թե՞ կոսմոպոլիտ արվեստագետ, որը համոզված էր՝ կոտորածների ենթարկված, ճնշված և պետականությունից զրկված ազգին պատկանելը անընդհատ միայն խանգարելու և խոչընդոտելու է՝ ի չիք դարձնելով հաջողության հասնելու ջանքերը։
Տիգրան Գույումջյանը ծնվել է ուղիղ 127 տարի առաջ՝ 1895 թվականի նոյեմբերի 16-ին։ Ընդամենը մի քանի տարի անց ընտանիքը Բուլղարիայից տեղափոխվել է Անգլիա, որտեղ էլ երիտասարդ տղան սկսել է գրել հայկական և բրիտանական պարբերականների համար։ Եվ քանզի Բուլղարիայի քաղաքացի էր, իսկ Բուլղարիան Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ աջակցում էր Գերմանիային, ազգանունը փոխել է և դարձել էր Մայքլ Առլեն։ Ծանոթացել է արդեն ճանաչում ձեռք բերած գրողների՝ Օլդոս Հաքսլիի, Ջորջ Մուրի, իսկ Ամերիկա մեկնելուց հետո նաև Սքոթ Ֆիջերալդի, Էռնեստ Հեմինգուեյի և Վիլյամ Սարոյանի հետ։
Իր՝ Մայքլ Առլենի մասին եվրոպացի ընթերցողները և գրականագետները սկսեցին խոսել այն բանից հետո, երբ 1924 թվականին լույս տեսավ նրա ամենահայտնի վեպը՝ «Կանաչ գլխարկը»։ Որոշ աղբյուրներ նույնիսկ պնդում են, որ Իոսիֆ Ստալինի կինը որոշեց ինքնասպանություն գործել հենց «Կանաչ գլխարկն» ընթերցելուց հետո։ 20-ականների վերջերին այդ վեպի հիման վրա Հոլիվուդում գեղարվեստական ֆիլմ նկարահանվեց, և գլխավոր դերը խաղում էր աշխարհահռչակ դերասանուհի Գրետա Գարբոն։
Ինչպես կասեր Լև Տոլստոյը՝ ամեն բան խառնվել էր Մայքլ Առլենի տանը։ Եթե արտերկրում ապրող մեր հայրենակիցները սովորաբար մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի երեխաները հայ մնան և խոսեն հայերեն, Մայքլ Առլենը, ընդհակառակը, երբեք հայերեն չէր խոսում ու միշտ թաքցնում էր երեխաներից, որ նրանք հայկական ծագում ունեն։ 1930 թվականին ծնված Մայքլ Առլեն - կրտսերն իր ազգային պատկանելության մասին առաջին անգամ լրիվ պատահաբար իմացել է դպրոցի տնօրենի կնոջից։ Դրանից հետո սկսել է հետաքրքրվել հայկական մշակույթով, ավանդույթներով, պատմությամբ։ Մի օր էլ հանդիպել է Վիլյամ Սարոյանին, որն ասել է. «Ես քեզ խորհուրդ եմ տալիս՝ եթե ուզում ես իմանալ հայերի մասին, պետք է գնաս Հայաստան, այսինքն, տեսնես այն, ինչ մնացել է նրանից»։
Հետաձգված կյանքի ախտանիշ. վերջապես ե՞րբ կգա ապրելու ժամանակը
Այսպես սկսվեց կրտսեր Առլենի ուղևորությունը։ Ուղևորություն նաև գրքի միջոցով։ «Դեպի Արարատ» վեպ-էսսեն լույս է տեսել 22 երկրներում։ Սակայն Մայքլ Առլենի որդին շարունակ փորձել է գտնել իրեն ամենից շատ հուզող գլխավոր հարցի պատասխանը՝ ինչո՞ւ էր հայրը համառորեն լռության մատնում ու շրջանցում ամեն հայկականը։ Միակ պատասխանը սա էր՝ հայրն ինքն իրեն համոզել էր, որ այս մոլորակի վրա պարզապես անչափ դժվար է, միգուցե նաև անհնար միաժամանակ հայ լինել և երջանիկ լինել։ Փաստն այն է, որ կյանքի վերջին տարիներին ավագ Առլենը Վիլյամ Սարոյանին խոստովանել էր, թե ուղղակի զզվում է իր բոլոր գեղարվեստական ստեղծագործություններից։ Արդյոք սա՞ չէ սեփական արմատներից հրաժարվելու գինը։
8 միլիարդն էլ հաստատ կհաղթահարենք, բայց 9-ին կարող է երբեք չհասնենք
Բոլոր դեպքերում. Գարեգին Նժդեհը 1930 թվականին բաց նամակ է հասցեագրել Մայքլ Առլենին, որտեղ շատ խիստ գնահատական է տվել նրա արտահայտած մտքերին։
«Ամերիկեան մի լուրջ ամսագրի էջերէն դուք արհամարհանքի ծանր քարեր էք նետել մեր ցեղի հասցէին: Հայութիւնը՝ «ատամները թափած ծերունի՞»: Այո՞: Ամերիկօրէն խելօք մարդ, որն այսօր դասալիքօրէն հեռու կ’ապրէք մեր ցեղի կեանքէն: Ի՞նչ, արդա՞ր է, որ նման մէկը, օտար մամուլի մէջ իր ազգը կենդանի մեռեալ հռչակէ: Գրող լինել - այն էլ հայազգի - և մեր ցեղի անօրինակ արհաւիրքները շահադիտող մարդկութեան երեսին թքելու փոխարէն, յարձակուել նրա զոհերի վրայ: Ամօ՛թ ձեզ», - գրել է Նժդեհը՝ եզրափակելով. « Մենք հաւատում ենք՝ Գողգոթայէն յետոյ Յարութի՛ւն կայ: Եվ արդա՛ր է մեր հաւատքը: Մենք զգում ենք մեծ ապագան հայ Հայրենիքի: Մենք նախաճաշակում ենք նրա գալիք երջանկութիւնը: և եօթնիցս հպարտ ենք, որ հայ ենք»։