ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում դոլարի արժեզրկումից հետո առաջացած խնդիրների լուծման համար կառավարությունը ժամանակավոր լուծման տարբերակներ է փնտրում։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նա տեղեկացրեց, որ e-drаft-ում տեղադրված է կառավարության մշակած միջոցառման նախագիծը, ըստ որի` նախատեսվում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին դրամով արտահայտված վաստակի անկման հատուցում։
«Ցանկացած հասույթ, որը ստացվում է դոլարով, այս իրավիճակում նեգատիվ ազդեցություն է թողնում թե՛ վաստակի, թե՛ հասույթի վրա։ Այս խնդիրն իրոք պետք է լուծում ստանա»,– ասաց փոխվարչապետը։
Գրիգորյանը միևնույն ժամանակ նշեց, որ թեպետ դոլարի փոխարժեքը նվազել է, բայց ոչ ոք չի նկատում, որ զուգահեռ ներմուծվող ապրանքների գնաճ չի եղել, ինչը նշանակում է, որ թեև եկամուտները անկում են գրանցել, սակայն Հայաստանում չկա այն գնաճը, ինչը աշխարհում է։
Դոլարային փոխարժեքի անկումով պայմանավորված միջոցառումների կարևորությունն ընդգծելով` Գրիգորյանն ավելացրեց, որ դեմ է այս հարցով օրենսդրական փոփոխություններին և հարկային փոփոխություններին։