Ֆրանսիայի ընդունած բանաձևը մեզ համար հաճելի է, բայց գործնականում որևէ լուրջ լծակ չկա դա կանքի կոչելու և Ադրբեջանի վրա ազդելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հնչեցրեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը` անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձևի ընդունմանը։
Միջազգայնագետի կարծիքով` այս բանաձևը կարող է Ադրբեջան–Եվրամիություն գազային գործարքի հետ կապված խնդիրների հետևանքը լինել։
«Այլ տարբերակ կարծես թե չկա, որը կստիպեր Ֆրանսիային գնալ հարաբերությունների սրման Ադրբեջանի հետ, որովհետև այդ բանաձևն անկասկած ազդելու է Ադրբեջան–Ֆրանսիա հարաբերությունների վրա։ Այստեղ մի կարևոր բան էլ կա` մենք ամեն ինչ պետք է անենք, որ հերթական անգամ Արցախի հարցը և առհասարակ մեր ցավը չդառնա միջազգային առևտրի առարկա, որովհետև անկասկած Ադրբեջանը փորձելու է այդ բանաձևը լուծարելու կամ չեղյալ հայտարարելու համար Ֆրանսիայի հետ առանձին բանակցություններ սկսել, փորձելու է սիրաշահել Ֆրանսիայի իշխանություններին, և, ըստ էության, առ ոչինչ դարձնելու այդ բանաձևը»,–նշեց Բալասանյանը։
Ընդունված բանաձևի մասին Բալասանյանը հիշեցնում է, որ այն խորհրդատվական բնույթ է կրում, իսկ բանաձևում Արցախի վերաբերյալ համարձակ հիշատակումների հետ կապված` Ադրբեջանը կարող է հակադարձել և հղում անել ՀՀ իշխանություններին, որոնք իրենք Արցախն անգամ չեն հիշատակում, իսկ իշխանական կուլուարներում էլ խոսում են Ադրբեջանի կազմում Արցախի գոյություն մասին։
Նա հորդորում է էյֆորիայի մեջ չընկնել և չոգևորվել այդ բանաձևից, քանի որ Ֆրանսիան իրավիճակից ելնելով վարում է այն քաղաքականությունը, որն այդ պահին համապատասխանում է իր ազգային-պետական շահերին, տնտեսական շահերին։
«Ֆրանսիայի ընդունած բանաձևը, այո՛, մեզ համար ականջահաճո բանաձև է, բայց գործնականում բովանդակային առումով այնտեղ որևիցե լուրջ լծակ չկա Ադրբեջանի վրա ազդելու և այդ բանաձևը ի կատար ածելու կամ կյանքի կոչելու համար։ Դրա համար, իմ սուբյեկտիվ կարծիքով, սա նախևառաջ մեզ սիրաշահելու և տարածաշրջանում իրենց շահերն առաջ տանելուն ուղղված քայլ է»,–ասաց մեր զրուցակիցը։
Բալասանյանը նշում է`քանի որ Ֆրանսիայի ընդունած բանաձևն ունի ուղղակի խորհրդատվական բնույթ, բարոյական առումով գուցե ՀՀ–ի համար կարևոր է, բայց միջազգային ճանաչման կամ Արցախի կարգավիճակի հետ կապված` դժվար թե հայկական դիվանագիտությունը կարողանա օգտվել այդ փաստաթղթից։ Միևնույն ժամանակ` Ադրբեջանի կողմից էլ այդ բանաձևը հանդիպելու է լուրջ հակազդեցության։
Անդրադառնալով Արցախում Ֆրանսիայի կողմից հումանիտար գրասենյակ ստեղծելու` Ֆրանսիայի բանաձևում տեղ գտած կետին` միջազգայնագետը նշում է, որ այն տեսականորեն հնարավոր է, քանի որ Ֆրանսիան հանդիսանում է Մինսկի համանախագահող երկրներից։
Սակայն սա կարող է հակասություն առաջացնել ռուսական կողմի հետ, քանի որ Արցախում արդեն իսկ տեղակայված են ռուս խաղաղապահները և անհասկանալի է, թե ինչ գործառույթներ պետք է Ֆրանսիան իրականացնի Արցախում։
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Ֆրանսիայի Սենատը 295 կողմ, 1 դեմ ձայնով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձև ընդունեց։ Բանաձևի հեղինակներն են Բրունո Ռետայոն, Պատրիկ Կաններին, Էրվե Մարսեյը, Էլիան Ասասին։Նրանց են միացել նաև պատգամավորներ Քրիստիան Կամբոն և Ժիլբեր-Լյուկ Դևինազը։
Նշենք, որ այս սենատորները 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձև էին մշակել։
Փաստաթղթում առաջարկվում է դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավման և գազի ու նավթի մատակարարումների էմբարգոյի հնարավորությունը։
Բացի այդ, Ադրբեջանից պահանջում են անհապաղ դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից։ Միաժամանակ Սենատը կոչ է անում կառավարությանը քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ ստեղծելու հարցը, ամեն կերպ աջակցել Հայաստանին, մասնավորապես պաշտպանության ոլորտում։
Բանաձևի հեղինակները պահանջում են, որ Ֆրանսիայի կառավարությունը երաշխավորի հայ բնակչության և Հայաստանի անվտանգությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, առաջարկում են միջազգային ուժեր տեղակայել տարածաշրջանում։
Սենատորները հաստատում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը, որը կարող է օգտագործվել որպես տևական խաղաղություն հաստատելու բանակցային գործիք։