ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական կոմիտեն կարողացել է սպառազինության սերիական արտադրություն սկսել, և արդեն կան առաջին պատվերները։ Այս մասին խորհրդրանում 2023 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
«Մշակումների մեծ մասը հնարավոր է դարձել փորձարկել իրական պայմաններում, և արդեն իսկ սերիական արտադրության պատվերներ կան մի շարք ընկերությունների շրջանում։ Սրանք այլևս փորձնական պատվերներ չեն, այլ ՊՆ–ի կողմից իջեցված սերիական պատվերներ։ Ներկայում գոյություն ունեցող մշակումների գերակշիռ մեծամասնությունը, իսկ պետական փորձարկումներ անցած գրեթե բոլոր նմուշները ռազմարդյունաբերական կոմիտեն ֆինանսավորել է»,– նշեց փոխխոսնակը։
Այս համատեքստում Արշակյանն ընդգծեց, որ Հայաստանում ստեղծվել է մի շարք արտադրատեսակների, այդ թվում` անօդաչուների, ռադիոլոկացիոն համակարգերի, գիշերային և ցերեկային դիտարկման օպտիկայական սարքավորումների և մի շարք այլ սպառազինությունների սերիական արտադրություններ։ Դրանք անցել են պետական և ռազմական փորձարկումներ ու այժմ մատակարարվում են։
Միաժամանակ, փոխխոսնակը շեշտեց, որ իր կարծիքով՝ ռազմական արդյունաբերության ոլորտը Հայաստանում արագ զարգացող ոլորտներից մեկն է, իսկ ինստիտուցիոնալ մոտեցման, գնման ընթացակարգի պարզեցման դեպքում կարելի է հասնել որակապես և քանակապես ավելի լավ արդյունքի։
Արշակյանը կարևորեց ռազմարդյունաբերական կոմիտեի տարանջատումը պաշտպանության նախարարությունից, քանի որ, նրա համոզմամբ, դա հանգեցրել է սպառողի և արտադրողի միջև կոնկրետ բաժանման և արտաքին շուկաների հետ ինստիտուցիոնալ աշխատանքի մեխանիզմների զարգացման։