ՀՀ ՊՆ–ի «ԿամԱԶ» է շրջվել. կա 1 զոհ, 7 վիրավոր

Վնասվածքներ ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Այսօր` ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով կա 1 զոհ, 7 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված 2000թ)։ Մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վնասվածքներ ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: