ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ԱԱԾ–ում տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը, տեղեկացնում է ԱԱԾ-ն։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը հույս է հայտնել, որ հանձնաժողովի կազմն ու գործառույթները թույլ կտան առավել համակարգված և փոխհամաձայնեցված եղանակով իրականացնել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց որոնողական և վերադարձնելու աշխատանքները:
Նիստի ժամանակ միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած ՀԿ–ների ընտրություն է տեղի ունեցել։ Դիմում ներկայացրած կազմակերպություններից ընտրվել են երեքը` «Լույսի ճրագ», «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» և «Թաթոյան» հիմնադրամը:
Հանձնաժողովը որոշել է հաջորդ նիստը գումարել 2022 թվականի դեկտեմբերի 16-ին և օրակարգում ընդգրկել հարցեր՝ ըստ տրված հանձնարարականների:
Հիշեցնենք, որ հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի հոկտեմբերի 20-ին որոշմամբ։
Նշենք, որ քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: