ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. «Մուրացան» բժշկական կենտրոնում մի խումբ անձինք հարձակվել են բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի վրա, ձեռքերով և ապակյա շշերով հարվածել նրան, ապա մտել հիվանդանոց, այնտեղ բռնություն կիրառել բժշկուհու նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին` մոտավորապես 00։35-ին։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դատապարտել է այս դեպքը։
«Այսօր Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել բժշկի նկատմամբ, որն այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում։ Դատապարտում եմ տեղի ունեցածն ու ակնկալում իրավաչափ պատասխան»,– գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նույնպես գրառում է արել։
«Անընդունելի է ու անմարդկային, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա իր մասնագիտական առաքելությունն իրականացնելու պահին․․․ Շնորհակալ եմ մեր բժշկուհուն, որը հավատարիմ մնալով իր կոչմանը` անգամ բռնությունից հետո լուռումունջ շարունակեց իր մասնագիտական առաքելությունը և բուժօգնություն ցուցաբերեց փոքրիկին, որի ծնողը համարձակվել էր անթույլատրելի ու պատժելի արարք»,– գրել է Մուրադյանը։
Shamshyan.com–ի տեղեկություններով` վիճաբանողները եղել են 5-7 հոգի, որոնցից մեկը Երևանի բնակիչ 35-ամյա Ա․ Գ․-ն է։ Իսկ ծեծի ենթարկված քաղաքացին, որը հիվանդանոցի անվտանգության աշխատակիցն է, Երևանի բնակիչ 22-ամյա Ֆ․Մ․-ն է։ Նա ստացել է ճակատի, գլխի, քունքային և ծոծրակային շրջանի պատռված վերքեր։