ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում. Ֆիլիպ Ռիքեր

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը. Արխիվային լուսանկար
Ռիքերը նշել է, որ ամեն ինչ կհասնի այն կետին, որ կոնսենսուսի հաշվին կկարողանան վերջ դնել Մինսկի խմբի մանդատին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում։ ԱՄՆ սենատում կազմակերպված «Կովկասում ԱՄՆ քաղաքականության գնահատականները» քննարկման ժամանակ այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը։
«Մինսկի խմբի հիմնական նպատակները մնում են, ես կապ եմ պահպանում Ֆրանսիայի հետ։ Ադրբեջանն էլ ասել է, որ այլևս գործ չի ունենա Մինսկի խմբի հետ։ Կարծում եմ` ամեն ինչ կհասնի այն կետին, որ մենք կարող ենք կոնսենսուսի շնորհիվ վերջ դնել այդ մանդատին, քանի որ մեխանիզմն այլևս չի գործում»,–ասել է Ռիքերը։
Նրա խոսքով` ամեն դեպքում, մանդատը բավականին օգտակար է, և ԱՄՆ–ն մասնակցում է հակամարտության կողմերի հետ խաղաղության գնալու գործընթացին։
Հիշեցնենք` ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար։ Խմբի ձևավորման մասին որոշումն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին։ Մինսկի խմբում ընդգրկված են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը։ 1997 թ. ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ)։