Բլինկենն Ալիևին կոչ է արել շարունակել Հայաստանի հետ բանակցային գործընթացը

Իլհամ Ալիև
ԱՄՆ պետքարտուղարն Ադրբեջանի նախագահի հետ զրույցում խոսել է հրադադարի ու սադրանքների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել շարունակել Հայաստանի հետ բանակցային գործընթացը, հաղորդում է ԱՄՆ պետդեպարտամենտը:
«Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է խաղաղ կարգավորման գործընթացին, և երկու կողմերին կոչ է արել պլանավորել հետագա բանակցությունները Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Բլինկենն Ալիևի հետ զրույցում հորդորել է պահպանել հրադադարը, զերծ մնալ սադրանքներից և ուսումնասիրել Հայաստանի հետ վստահության ամրապնդման միջոցները՝ խաղաղության համար հող նախապատրաստելու համար։
Հիշեցնենք` Բլինկենն ավելի վաղ գրառում էր արել թվիթերյան էջում և հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել պահպանել բանակցությունների տեմպը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացած զրույցից հետո։