ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ասիական զարգացման բանկը բյուջետային աջակցության շրջանակում Հայաստանին 100 մլն ԱՄՆ դոլար գումար կհատկացնի, իսկ Ֆրանսիական զարգացման գործակալությունը` 100 մլն եվրո։ Այս մասին խորհրդարանում 2023 թվականի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«ԱԶԲ ծրագիրը Ֆրանսիական զարգացման գործակալության հետ գտնվում է ստորագրման փուլում։ Այն ոչ միայն բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր է, այլև ուղղված է միջնաժամկետ արդյունքային բարեփոխումների իրականացմանը»,– նշեց Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ Ասիական զարգացման բանկը 2023 թվականին 2 տրանշով 14,4 մլրդ դրամի վարկ կտրամադրի «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության համար: Բացի այդ, նախատեսվում է նաև 3,1 մլրդ դրամ հատկացնել Իսակով և Արշակունյաց պողոտաները կապող ճանապարհի կառուցման համար։ Այդ ծախսերը ներառված են բյուջեի նախագծում։
«Ներկայում ԵՄ–ի հետ էլ իրականացվում է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. փուլ 1» 30 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը, որից որպես բյուջետային աջակցություն 2022 թվականին հատկացվել է 8.2 մլն եվրո։
Այժմ եվրոպական կողմի հետ բանակցությունների փուլում ենք գտնվում` ևս 2 բյուջետային աջակցության ծրագրերի շուրջ` «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. փուլ 2» և «ԵՄ աջակցություն ՀՀ կրթության ոլորտին»։ Այս ծրագրերի մասով ինչ գումարներ կարող են տրամադրվել` Գրիգորյանը չմանրամասնեց։