Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայի նախկին նախագահի հետ խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեհյի հետ
Ախ քարտուղարը Շվեյցարիայի նախկին նախագահի հետ քննարկել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Քալմի-Ռեյի հետ ու քննարկել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
«ԱԽ քարտուղարը տիկին Քալմի-Ռեյի խնդրանքով անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային և դրա հետևանքներին: Քարտուղարը կարևորել է միջազգային գործընկերների հետ դինամիկ զարգացող հարաբերությունները»,–նշված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, կողմերը քննարկել են Ուկրաինայում շարունակվող պատերազմի ազդեցությունը Կովկասի անվտանգային միջավայրի վրա: Գրիգորյանն անդրադարձել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքին:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։