ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով գլխավոր վարչություն։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Ժամը 20:00-ին Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն՝ Մամիկոնյանց 46/5»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը։
Հիշեցնենք` ըստ մամուլի հրապարակումների` ԵՊԲՀ–ի համար գույք ձեռք բերելու ընթացքում չարաշահումներ թույլ տալու գործով օրերս ձերբակալվել է բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, այնուհետև ազատ արձակվել։ Նույն քրեական գործով անցնում է նաև Արմեն Աշոտյանը` վկայի կարգավիճակով։
Նշենք նաև, որ այսօր Աշոտյանը պետք է Լիսաբոն մեկներ` ԵԺԿ քաղաքական համաժողովին մասնակցելու, սակայն օդանավակայանում նրան հայտնել են, որ չի կարող լքել Հայաստանի Հանրապետությունը։